Վրաստանի նախագահին դուր չի գալիս Հայաստան գազ մատակարարելու վերաբերյալ «Գազպրոմ»-ի հետ կնքած փաստաթուղթը
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգելաշվիլին հայտարարել է, որ Հայաստան գազ մատակարարելու պայմանների վերաբերյալ Վրաստանի կառավարության ու «Գազպրոմ» ռուսական ընկերության միջև կնքված համաձայնագիրը վնաս կհասցնի իր երկրին: Այս մասին գրում են վրացական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ վրացական կողմը համաձայնել էր, որ ռուսական ընկերությունը Հայաստան գազի տարանցման դիմաց վճարի գումարով, ոչ թե գազով: Բացի այդ, հազար խմ գազի դիմաց նախկին 215 դոլարի դիմաց Վրաստանը ռուսական գազի դիմաց կվճարի 185 դոլար:
«Նման համաձայնագրի կնքումը վնասում է երկրի էներգոհամակարգը, տուժել են Վրաստանի քաղաքական ու տնտեսական շահերը: Վերջնական արդյունքում տարբեր ոլորտներում մենք իրավիճակի վաթարացում ունեցանք, ինչը կարող է հանգեցնել մի շարք խնդիրների»,-լրատվամիջոցներին Վրաստանի նախագահի տեսակետը փոխանցել է նրա խոսնակը՝ Էկա Միշվելաձեն:
Նախագահը երկրի օրենսդիր մարմնին կոչ է արել համապատասխան միջոցներ ձեռնարկել.
«Երկրի առաջին դեմքը՝ նախագահը օրենսդիր մարմնին կոչ է անում իրականացրել սահմանադրական իր պարտավորութունները՝ ուժեղացնել վերահսկողական գործառույթները, ինչպես նաև առաջարկել մի ծրագիր, որը հնարավորություն կտա հաղթահարել ու նվազագույնի հասցնել ակնկալվող վտանգներն ու սպառնալիքները»:
Հարակից հրապարակումներ`
- Վրացի նախարար. Վրաստանը պարտավորված չէ Ռուսաստանից գազ գնել
- Պայմանագի՞ր, թե տնտեսական անեքսիա
- Հայաստան գազ մատակարարելու վերաբերյալ Վրաստանի կառավարությունը համաձայնության է եկել «Գազպրոմ»-ի հետ
- Իրանը Վրաստանին գազ կմատակարարի Հայաստանի տարածքով