Սիրիայի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Իրան
Սիրիայի վարչապետ Իմադ Խամիսն այսօր պաշտոնական այցով մեկնել է Իրան,-հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա Սիրիայի վարչապետի և Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հանդիպումը:
Տեղեկատվության համաձայն՝ Իրանի և Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաները կքննարկեն տարածաշրջանում, մասնավորապես Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումներին առնչվող հարցեր, կանդրադառնան նաև երկկողմ հարաբերություններին:
Նախատեսվում է, որ Սիրիայի վարչապետն ի թիվս իրանցի այլ պաշտոնյաների, հանդիպում կունենա նաև Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ:
Հավելենք, որ Ալի Շամխանին Թեհրանի «Արտաքին քաղաքականության հետազոտություններ» հանդեսին տված հարցազրույցում, անդրադառնալով Սիրիայի շուրջ ընթացող զարգացումներին և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված Իրանի ջանքերին, տեղեկացրել է, որ Իրանը սիրիական ճգնաժամը հանգուցալուծելու վերաբերյալ 4 առաջարկ է ներկայացրել՝ այն է՝ անհապաղ հաստատել հրադադար, անցկացնել բարեփոխումներ, պետության ներսում իրականացնել երկխոսության և անցկացնել ընտրություններ:
«Իրանը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին աջակցում է ԻԻՀ արտաքին քաղաքականության օրակարգում ընդգրկված ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում: Հետևաբար, Սիրիայի կառավարությունը որքան կարիք ունենա, Իրանը Սիրիայի թիկունքում կանգնած կլինի»,-նշել է ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան