«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 100 մլն ֆունտ ստեռլինգ վճարել Մեսսիի համար
«Մանչեսթեր Սիթին» «Բարսելոնին» տեղեկացրել է, որ պատրաստ է 100 մլն ֆունտ ստեռլինգ վճարել հարձակվող Լիոնել Մեսսիի համար։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։ Բացի այդ, անգլիական ակումբը պատրաստ է 29-ամյա արգենտինացուն շաբաթական 800 հզ ֆունտ ստեռլինգ աշխատավարձ վճարել։ Ակումբների միջև բանակցություններ են ընթացել անցած ամսվա վերջում, սակայն առաջարկություն այդպես էլ չի ներկայացվել։ Այդուհանդերձ, կատալոնյան «Բարսելոնի» հետ Մեսսիի գործող պայմանագրի ժամկետը կլրանա հաջորդ տարի, և նա առայժմ չի պայմանավորվել երկարաձգման վերաբերյալ։
Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով անցյալում մարզել է «Բարսելոնը», մի քանի անգամ հայտարարել է, որ արգենտինացի հարձակվողը կմնա կատալոնյան թիմում։ Ինքը՝ ֆուտբոլիստը, նշել է, որ կուզենար կարիերան ավարտել «Նյուելզ Օլդ Բոյզում»։