Չինաստանում Բուդդայի արձանը դուրս է եկել ջրի տակից
Չինաստանի արևելքում ջրամբարում ջրի մակարդակի իջեցումից հետո հայտնաբերվել է Բուդդայի հնագույն արձանը: Ռիա նովոստին գրում է, որ վերանորոգման աշխատանքների ժամանակ ջրամբարում ջրի մակարդակն իջել է 10 մետրով, ինչի արդյունքում ջրի մակերեսին է հայտնվել Բուդդայի ժայռափոր արձանը:
Արձանն առաջինը հայտնաբերել են տեղի բնակիչները, այժմ գտածոն ուսումնասիրում են հնագետները: Նրանք ենթադրում են, որ արձանը ստեղծվել է Մին դինաստիայի ժամանակաշրջանում (1368-1644 թթ.), ավելի քան 350 տարեկան է:
Գիտնականների կարծիքով, ջրամբարի հատակին՝ Բուդդայի ոտքերի մոտ, գտնվում է հնագույն տաճար: Հնագետները մտադիր են ուսումնասիրել այն ստորջրյա սարքավորումների միջոցով: