Իրավիճակը Սիրիայի Դեր Զորում
Սիրիայի Դեր Զոր քաղաքում կառավարական ուժերի և իսլամականների միջև մի քանի օր տևող ռազմական գործողություններն ինտենսիվ բնույթ են ստացել: Իսլամականները կարողացել են երկու մասի բաժանել կառավարական ուժերի կողմից վերահսկվող տարածքները՝ մի կողմում թողնելով օդանավակայանը, իսկ մյուս կողմում՝ ռազմաբազան: Երկու հատվածներն էլ այս պահին «Իսլամական պետության» (ԻՊ) զինյալների պաշարման օղակի մեջ են հայտնվել:
Բախումները դեռևս շարունակվում են, իսլամականները ԻՊ-ի տարբեր հատվածներից կուտակել են զգալի ներուժ և առաջ են շարժվում, կառավարական ուժերն էլ փորձում եմ դիմակայել, որոնց ավիահարվածներով օգնում են ռուսական ռազմաօդային ուժերը:
Մի ճշտում՝ Դեր Զոր նահանգը երկար ժամանակ է ինչ գտնվում է ԻՊ-ի վերահսկողության տակ, նահանգի կենտրոն Դեր Զոր քաղաքում սիրիական բանակն ունի վերահսկվող թաղամաս (այդ թվում քաղաքի օդանավակայանը), որին կից, դեպի արևմուտք գտնվում է սիրիական բանակի ռազմաբազան: Այն կարելի է բնութագրել սիրիական վարչակարգի կողմից վերահսկվող «փոքրիկ կղզյակ», որը շրջապատված էր «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներով: ԻՊ-ը այս տարիների ընթացքում բազմիցս է փորձել վերցնել այն, սակայն՝ անօգուտ:
Եթե այս անգամ իսլամականներին հաջողվի Դեր Զորը վերցնել, դա կլինի վարչակարգի ձախողված գործողություններից ևս մեկը: Կառավարական ուժերի համար դա ավելի նսեմացուցիչ կլինի, քան Պալմիրայի անհաջողությունները, որովհետև վարչակարգը կորցնում է ոչ միայն վերահսկվող տարածք, այլ նաև ռազմաբազա, և, ըստ էության, անիմաստ են դառնում հակամարտության սկզբից այդ փոքրիկ հատվածը պահելու վարչակարգի ջանքերը, որոնց արժեքն այստեղ զոհված (և այս պահին ևս զոհվող) սիրիական բանակի զինվորն է:
Իսկ եթե կառավարական ուժերին հաջողվի ետ շպրտել իսլամականների գրոհը, ապա այս դեպքում սիրիական բանակին մնում է ապահովել թիկունքը՝ Դեր Զորը միացնել վարչակարգի կողմից վերահսկվող մնացյալ տարածքներին, իսկ դա կարճաժամկետ պլանավորմամբ հնարավոր է իրականացնել հատկապես Սիրիայի կենտրոնում՝ Պալմիրայի ուղղությամբ հաջող գործողությունների տեսքով՝ Հոմս և Դեր Զոր նահանգների նկատմամբ տոտալ վերահսկողություն սահմանելու միջոցով:
Արաբագետ՝ Սարգիս Գրիգորյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին