Իգուաին. «Աշխատում եմ չմտածել այն մասին, որ «Յուվենթուսն» ինձ համար 90 մլն եվրո է վճարել»
Մադրիդյան «Ռեալի» ու նեապոլյան «Նապոլիի» նախկին հարձակվող Գոնսալո Իգուաինը, ով այժմ պաշտպանում է թուրինյան «Յուվենթուսի» մարզական պատիվը, նշել է, որ ձգտում է ազատվել այն մտքից, որ «Ծեր սինյորան» իր համար հսկայական գումար է վճարել «Նապոլիին»։ Հիշեցնենք, որ Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ է տեղափոխվել Թուրին։
«Իհարկե, դժվար է, բայց ես աշխատում եմ չմտածել այն մասին, որ «Յուվենթուսն» ինձ համար 90 մլն եվրո է վճարել։ Միաժամանակ պետք է ասեմ, որ դա ինձ չի անհանգստացնում։ Ընդհակառակը, դա մոտիվացիա է՝ ցուցադրելու, թե ինչու են քեզ համար այդպիսի գումար վճարել։ Աստված տա, որ մայիսին ակումբում կարողանան ասել, որ չեն սխալվել։ Ես ինքս ձգտում եմ առավելագույնս նպաստել դրան»,- Իգուաինի խոսքերը մեջբերել է championat.com-ը։
Ավելացնենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 19 խաղում նա խփել է 13 գոլ։