Հենց հիմա գանգատ ներկայացրեք ՄԻԵԴ, ՄԱԿ. Իրավապաշտպանի հորդորը՝ Սաֆարյանի փաստաբանին
Ի սկզբանե պարզ էր, որ «տոնածառի գործով» դատաքննությունը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի վարույթում անցկացնելը պաշտպանական կողմի համար լավ արդյունքներ չի տա: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «տոնածառի գործով» մեղադրյալ Գևորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Հիշեցնենք՝ Գևորգ Սաֆարյանը Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի վճռով օրերս դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն կիրառելու համար: 2015 թվականի դեկտեմբերի 31-ի գիշերը Սաֆարյանը փորձել էր այլընտրանքային տոնածառ տեղադրել Ազատության հրապարակում, սակայն ոստիկանները թույլ չէին տվել: Սաֆարյանի դեմ ցուցմունքներ տվել էին միայն ոստիկանության ծառայողները:
«Դատաքննության ընթացքում բացահայտվեցին նախաքննություն իրականացրած քննիչների ակնհայտ ապօրինությունները. երեք դեպքում հենց ոստիկան վկաները ասացին, որ իրենք չեն ասել այն, ինչ արձանագրվել է իրենց նախաքննական ցուցմունքներում, քննիչի կողմից: Ավելին, նրանք դատարանում հայտարարեցին, որ հարցաքննության ժամանակ իրենց տեսանյութ չի ցուցադրվել:
Այսինքն՝ քննիչի կողմից ակնհայտ կեղծվել են ապացույցները: Ոստիկաններից մեկն էլ ասաց, որ քննության ընթացքում այնքան վատ է զգացել, որ կեսից դուրս է եկել ու մի քանի շաբաթ հետո վերադարձել է, ստորագրել է իր արձանագրությունը: Գևորգ Սաֆարյանը այս բոլոր դեպքերում կանգնում էր ու քրեական հաղորդում ներկայացնում դատախազին այն մասին, որ քննիչը կեղծել է ցուցմունքներ», -ներկայացրեց փաստաբան Հայրապետյանը:
Նա նաև ասաց, որ պաշտպանական կողմը որպես գործով ապացույց ներկայացրել է տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են ծեծում Գևորգ Սաֆարյանին, որի հետևանքով նրա գլուխը ցնցվում է:
Դատաքննությունից փաստաբանը եզրակացրել է. «Դա թատերական ներկայացում էր, և դատարանը պատվեր կատարեց»:
Փաստաբանը տեղեկացրեց, որ պատրաստվում են բողոքարկել վճիռը Վերաքննիչ քրեական դատարանում: Մեծ սպասելիքներ, նրա խոսքով, չունեն և այդ քայլին գնում են զուտ ներպետական դատական ատյանները սպառելու համար, որպեսզի դիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հանդիպմանը ներկա իրավապաշտպան Վարդան Հարությունյանը հիշեց Վիշինսկու ժամանակները, ասաց, որ եթե այն ժամանակներում ապացույցների թագուհին ինքնախոստովանությունն էր, ինչի հիման վար սարսափելի պատիժներ էին նշանակվում, ապա այժմ, հայկական իրականությունում ապացույցների թագուհին ոստիկանի ցուցմունքն է:
«Առաջին դեպքը չէ, որ ոստիկանի ցուցմունքով մարդիկ են դատապարտվում: Այդ ավանդույթը եղել է 90-ական թվականներից սկսած, 2000-ական թվականների դատավարությունների ժամանակ և 99 տոկոս քաղբանտարկյալների գործով մարդիկ դատապարտվել են միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա», -հայտարարեց իրավապաշտպանը:
Ինչ վերաբերում է Գևորգ Սաֆարյանի գործին, Վարդան Հարությունյանն ասաց, որ նա ակտիվիստ է, դեմ է իշխանությունների գործողություններին, ու իշխանությունները դրա համար նրա նկատմամբ «վենդետա» են իրականացնում:
Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը լրացրեց Հարությունյանին՝ ընդգծելով. «Ապացույցների թագուհին իշխանության կամքն է»: Այնուհետև հավելեց. «Գևորգ Սաֆարյանը դասական խղճի բանտարկյալ է, մարդ, որը ոչինչ չի արել և հանկարծ հայտնվում է ճաղերից այն կողմ, մեկ տարի նստում է, ու դատարանը որոշում է երկու տարով ազատազրկել: Սա մեր հասարակության, պետության հերթական խայտառակությունն է»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Սաֆարյանի նկատմամբ կայացրած վճռից նկատել է դատաիրավական համակարգի ցինիզմը հասարակության նկատմամբ: «Գևորգ Սաֆարյանը մշտապես բարձրաձայնում էր խնդիրների մասին, և այս դատավճիռը ուղղված է Գևորգ Սաֆարյան հավաքական կերպարի դեմ: Ես այս դատավճիռը համարում հատուկ թիրախավորված պատժիչ գործողություն Գևորգ Սաֆարյան անձի նկատմամբ», -հավելեց Սաքունցը:
«Գևորգ Սաֆարյանը քաղաքական բանտարյալ է», -նախկինում ունեցած իր կարծիքը այսօրվա հանդիպմանը վերահաստատեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը: Նրա խոսքով, այդ օրը Ազատության հրապարակում ոստիկանության կողմից կատարվածը միջամտություն էր նրա արտահայտվելու ազատության իրավունքին:
«Արդյոք ոստիկանները իշխանության ներկայացուցիչ են, արդյոք նրանց գործողությունները իրավաչափ են, սրանք փաստեր են, որ պետք է ապացուցվեն հենց ոստիկանության կողմից: Եթե ոստիկանները ապացուցեցին, որ իրենք օժտված են եղել պետա-իշխանական կարգադրիչ լիազորություններով, ապա իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հանցակազմ չկա և կա մեկ այլ հանցակազմ՝ իշխանությունը գերազանցելը: Իմ խորին համոզմամբ, այստեղ ոստիկանների գործողություններում կա հանցակազմ», -հավելեց պարոն Զեյնալյանը:
Այս ամենից իրավապաշտպանը եզրակացնում է, որ Գևորգ Սաֆարյանը չէր կարող հետապնդվել և հակառակը, նրա նկատմամբ պետք է պաշտպանություն իրականացվեր իրավապահ մարմինների կողմից:
«Գևորգ Սաֆարյանը խտրականության զոհ է: Նա հետապնդվել, հալածվել է իր հայացքների համար: Սա հալածանք է հայացքների համար, և Հայաստանում բացակայում է իրավական պաշտպանության միջոցը», -հայտարարեց Զեյնալյանը:
Նա հորդորեց Սաֆարյանի փաստաբանին չսպասել ներպետական ատյաններում բողոքի սպառմանը և «հենց հիմա» գանգատ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ՄԱԿ-ի կոմիտե՝ նշելով, որ անիմաստ է սպառել մնացած ատյանները:
«Չկա պաշտպանություն նրա արտահայտվելու ազատության իրավունքի, չկա պաշտպանություն նրա՝ խտրականությունից զերծ լինելու իրավունքին և արդար դատաքննության իրավունքը հնարավոր չէ վերականգնել Վերաքննիչ ատյանում: Պետք է հենց հիմա գանգատներ ներկայացնել Եվրոպական դատարան ու ՄԱԿ-ի կոմիտե՝ նշելով, որ բացառվում է ներպետական ատյաններում վերականգնել Սաֆարյանի իրավունքները», -փաստաբանին դիմելով հորդորեց Զեյնալյանը:
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպանը չի մեկնաբանում Գևորգ Սաֆարյանի դատավճիռը
- Սաֆարյանի գործով դատարանը պատվեր կատարեց. Փաստաբան
- Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման. «Տոնածառի գործ»
- Այսօր կհրապարակվի «տոնածառի գործով» Գևորգ Սաֆարյանի դատավճիռը
- «Տոնածառի գործով» պաշտպան. Գևորգ Սաֆարյանին նման մեղադրանք է առաջադրվել ընդդիմադիր լինելու համար