Ֆիննական թանգարանում արջի ստեղծած կտավներ են ներկայացվել
Հելսինկիում բացվել է «Ուժեղ և փափուկ հպումներ» խորագրով արտասովոր նկարների ցուցահանդես: Որպես կանոն, նկարիչները սիրում են անձամբ բացել իրենց աշխատանքների ցուցահանդեսը, սակայն այս անգամ նկարիչը բացակայել է արարողությունից, քանի որ խորը քնի մեջ է: Նյուզու.քոմ կայքի հազորդմամբ, բանն այն է, որ նկարների ստեղծողը 423 կիլոգրամանոց գորշ արջ է՝ Յուուսո մականունով, որն ապրում է կենդանիների կենտրոնում: Նկարներն արջը ստեղծում է թաթերի ու մարմնի օգնությամբ: Ցուցահանդեսի համադրողը պատմել է, որ արջին ուղղակի ներկեր են տալիս, ինչպես նաև թուղթ ու նրբատախտակ, որոնց վրա գազանն աբստրակտ պատկերներ է անում:
Կենդանիների կենտրոնն արջի նկարներով արդեն շուրջ 8 հազար եվրո է վաստակել: Ցուցահանդեսին ներկայացված է 50-ից մինչև 4 հազար եվրո արժողությամբ 11 աշխատանք: Հավաքված միջոցներն ուղղվելու են արջերի մասին վավերագրական ֆիլմ նկարելուն:
Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև փետրվարի 12-ը: