Արմեն Ամիրյան. Հայաստանի Ազգային պատկերասրահը հետագայում կունենա նոր շենք
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հանդիպել է Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանի հետ: Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նախարարի հանձնարարականով կստեղծվի հանձնաժողով, որը կուսումնասիրի Հայաստանի ազգային պատկերասրահի ջեռուցման և օդափոխության համակարգը, գազի և էլեկտրաէներգիայի ծախսը, որպեսզի հնարավոր լինի համեմատել, թե նորը տեղադրելու դեպքում ծախսերը որքանով կկրճատվեն: Նախարարն առաջարկել է քննարկել նաև շենքի ջեռուցման և օդափոխության համակարգերը մյուս շենքերից (Առնո Բաբաջանյան համերգասրահ և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան) առանձնացնելու տարբերակը: Ըստ նրա, Պատմության թանգարանն ու Ազգային պատկերասրահը կարելի է թողնել մեկ ընդհանուր համակարգում: Հանձնարարականները պետք է կատարվեն 7-օրյա ժամկետում։ Պատկերասրահի ցուցասրահներում և պահոցներում օրվա տարբեր ժամերին կստուգվի ջերմաստիճանը, նաև՝ ջեռուցման համակարգի ներկայիս վիճակը, քանի որ նախարարի ունեցած տեղեկություններով, կան խցանված խողովակներ, «ինչի մասին պետք էր խոսել ոչ թե այսօր, այլ վերանորոգել դեռևս ամռանը»։ Հանձնարարվել է ներկայացնել առաջարկ՝ եղած համակարգն արդյունավետ և ամբողջական գործարկելու համար։
«Պետք չէ մեծ թվերի մասին պահանջներ ներկայացնել՝ ձեռքի տակ ունեցած գումարներով խնդիրը լուծելու փոխարեն»,- ասել է Ա. Ամիրյանը։
Նախարարը հանձնարարել է բանակցել Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հետ, քննարկել, թե հավելյալ ինչ միջոցներով կարելի է համալրել գործող համակարգը՝ միաժամանակ հարց ուղղելով Արման Ծատուրյանին. «Ինչու՞ մինչ այժմ մենք չենք խոսել այս խնդիրների մասին: Հայտարարություններ անելուց առաջ պետք է աշխատել»:
Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանին նախարարը հանձնարարել է փնտրել հնարավոր հովանավորներ, ներդրողներ, կազմակերպել հանդիպումներ՝ յուրաքանչյուրի հետ առանձին աշխատանք տանելով: «Ինձ հետ միասին»,-ընդգծել է Արմեն Ամիրյանը:
Արման Ծատուրյանի հետ հանդիպմանը նախարարը նշել է, որ ցանկացած լուծում ժամանակավոր է, քանի որ Հայաստանի ազգային պատկերասրահը հետագայում կունենա նոր շենք:
Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը մամուլի ասուլիսում երեկ հայտարարել էր, թե պատկերասրահի շենքը բացարձակապես չի համապատասխանում ժամանակի մարտահրավերներին, և մեր ազգային հարստությունը շատ վատ պայմաններում է: «Անհապաղ միջոցներ չձեռնարկելու դեպքում, գուցե փրկելու բան այլևս չենք ունենա»,-ասել էր պատկերասրահի տնօրենը:
Հարակից հրապարակումներ`
- Ազգային պատկերասրահի հավաքածուն վատ պայմաններում է պահվում. տնօրեն
- 7 միլիոն քուրդն ու Ազգային պատկերասրահի շենքը
- Նարեկ Սարգսյան. Հայաստանի Ազգային պատկերասրահի շենքը չի քանդվի
- Ազգային պատկերասրահի շենքը «ավտոմոյկա» չի դառնա