Լապշինի դեմ կատարվածը լուրջ վտանգ է խոսքի ազատության ու մարդու իրավունքների տեսանկյունից. Պաշտպան
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մտահոգիչ է համարում բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալումը և հնարավոր արտահանձնումը Ադրբեջանին: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ինքը՝ Պաշտպանը:
Նա տեղեկացրեց, որ Լապշինի ձերբակալության մասին տեղեկության տարածումից անմիջապես կապի մեջ է եղել գործընկերների հետ:
«Լապշինի դեմ կատարվածը լուրջ վտանգ է խոսքի ազատության ու մարդու իրավունքների տեսանկյունից: Այն հոդվածներոը, որոնցով մեղադրանք է առաջադրվել Լապշինին, ակնհայտ հակասում են եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկային, ԵԱՀԿ չափանիշներին», -ասաց Թաթոյանը՝ տեղեկացնելով, որ այդ մասին հարցը բարձրացրել է միջազգային կառույցներին:
Նշենք, որ բլոգոսֆերայում իր զբոսաշրջային նոթերով հայտնի Լապշինը տարիներ առաջ երկու անգամ այցելել էր Ղարաբաղ՝ այն ճանաչելով որպես անկախ պետություն, ամիսներ առաջ էլ քննադատել Իլհամ Ալիևին, ինչից հետո պաշտոնական Բաքուն բլոգերի դեմ մի քանի քրեական գործ էր հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել:
Անցած տարվա վերջին այս գործի շուրջ կրքերը բորբոքվեցին, երբ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն այցելեց Ադրբեջան: Դրանից օրեր անց ՌԴ և Իսրայելի քաղաքացիություն ունեցող Լապշինը ձերբակալվեց Մինսկում երկու ամսով:
Նկատենք, որ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմել է Բելառուսի Հանրապետության փաստաբանների հանրապետական միության նախագահ Վ. Ի. Չայչիցին և Ռուսաստանի Դաշնության Փաստաբանների դաշնային պալատի նախագահ Յու. Ս. Պիլիպենկոյին՝ կոչ անելով աջակցել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին իրավական օգնություն տրամադրելու հարցում: