Հետազոտության համաձայն՝ արյան մեջ շաքարի պարունակության շեղումներն ամենաբարձրը եղել են Տավուշում. Էլիբեկյան
2015-2016 թվականների ընթացքում շաքարային դիաբետի, զարկերակային գերճնշման և արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելմանն ուղղված սքրինինգային ծրագրով իրականացվել է 910 հազար հետազոտություն: Այսօր լրագրողների հետ հադիպմանն ասաց ՀՀ ԱՆ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի, Առողջության առաջնային պահպանման օղակի բարելավման բաղադրիչի համակարգող Երվանդ Էլիբեկյանը՝ առանձին ներկայացնելով հետազոտությունների արդյունքները:
«Ծրագիրն իրականացվում է ամբողջ հանրապետության ամբուլատոր պոլիկլինիկական օղակում՝ անվճար: Շաքարային դիաբետի և հիպերտոնիայի ռիսկային խմբում ընդգրկված են Հայաստանի բնակչության 35-65 տարիքային խմբի կանայք և տղամարդիկ, իսկ արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքում 30-60 տարեկան տարիքային խմբի կանայք»,-ասաց նա:
Էլիբեկյանի տեղեկացմամբ՝ ընդհանուր հետազոտություններից 112 հազարը արգանդի պարանոցին ուղղված հետազոտություններն են, որոնց արդյունքում հայտնաբերվել են շեղումներ. «Հանրապետության մակարդակով միջին շեղումը 6,4 տոկոս է եղել, իսկ այս թվի մեջ 38 հոգու մոտ է հայտնաբերվել պարանոցի քաղցկեղ, մնացած շեղումները կանխարգելելի են եղել: Ամենացածր շեղումները հայտնաբերվել են Սյունիքում, իսկ ամենաբարձրը՝ Արմավիրում և Արագածոտնում»:
Ինչ վերաբերում է շաքարային դիաբետին՝ նա հայտնեց, որ իրականացվել է 330 հազար հետազոտություն, և արյան մեջ շաքարի պարունակության շեղումները եղել են 7 տոկոսի մոտ: Շեղումներն ավելի քիչ են եղել Սյունիքում և Լոռիում, ամենաբարձրը եղել է Տավուշում:
«Զարկերակային գերճնշման դեպքում 468 հազար քաղաքացու մոտ իրականացվել է սքրինինգ, շեղումների միջին հանրապետական ցուցանիշը կազմել է 8 տոկոս, ամենաբարձրը Տավուշի և Գեղարքունիքի մարզում են եղել, ամենացածրը՝ Երևանում և Լոռու մարզում»,-նշեց նա:
Առողջության առաջնային պահպանման օղակի բարելավման բաղադրիչի համակարգողը հավելեց, որ մինչ ծրագրի մեկնարկը 2013-14 թվականներին հանրապետության շուրջ 2700 բժիշկներ մասնագիտացել, վերապատրաստում են անցել, ինչպես նաև մշակվել է հանրային իրազեկման ռազմավարություն: