Որևէ թեքահարթակ չի շահագործվել մինչև չի եղել ՀԿ-ի համաձայնությունը. Կ. Արեյան
«2017թ-ին իրենից արժեք ներկայացնող շենքեր չեն քանդվի»,-այսօր 2016 թվականի աշխատանքներն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
«Եթե խոսքը ներդրումային ծրագրերում այնպիսի շենքերի մասին է, որոնք ճարտարապետական և քաղաքաշինական նշանակություն ունեն, նման միտում և ծրագիր չկա: Հին Երևանի նախագծի հատվածում Արամի ապրած տունն էլ պահպանվելու է»,-ասաց նա:
Լրագրողները փոխքաղաքապետից հետաքրքրվեցին՝ արդյոք կառուցված և կառուցվող թեքահարթակները համապատասխանում են սահմանված պահանջներին, քանի որ դրանցից դժգոհում են հաշմանդամություն ունեցող անձինք. «Մենք խորհրդակցում ենք հաշմանդամության հարցերով զբաղվող ՀԿ-ների հետ, որոնց թվում են «Ունիսոնը», «Փյունիկը», «Հույսի կամուրջը»: Բազմաթիվ են դեպքերը, որ ՀԿ-ները տեղում ուղղում են մեր նեկայացրած ծրագիրը: Որևէ թեքահարթակ չի շահագործվել մինչև չի եղել ՀԿ-ի համաձայնությունը. սա մեր մեծագույն նվաճումներից է»:
Նա նշեց, որ 2016-ին Երևանի քաղաքապետարանը կառուցել է 275 նոր թեքահարթակ, իսկ 2017-ին ևս 420 թեքահարթակ կկառուցվի. «2017-ի համար արդեն իսկ սկսել են գույքագրվել բոլոր տարածքները, որտեղ թեքահարթակների անհրաժեշտություն կա: Շինարարության ընթացքում ամիսը մի քանի անգամ մոնիթորինգ է արվում, ընթացքում էլ նախագիծը շտկելու հնարավորություն է լինում: Սա շատ արդյունավետ աշխատաոճ է եղել»:
Ինչ վերաբերում է գետնանցումների մոտ առկա թեքահարթակներին՝ նա նշեց, որ դրանցից որոշներում թեքության հետ կապված շտկումներ պետք է արվեն, քանի որ թեքություններն անհանգստացնող են. «Հատկապես 2000 թվականին կառուցված թեքահարթակների թեքությունը շատ անհանգստացնող է: Բացի այդ` հասարակական մի շարք շենքեր դեռևս մատչելի չեն, և դրանց խնդիրը նույնպես պետք է լուծվի: Մեզ համար մեծ խնդիր են մնում հին շենքերը, որոնց հատակագիծն այնպիսի տեսք ունի, որ հնարավոր չէ ինչ-որ փոփոխության ենթարկել»:
Կամո Արեյանը Երևան քաղաքի ամենահրապատ խնդիրներից առանձնացրեց վերելակային տնտեսության հարցը՝ շահագործման, մաշվածության ու անվտանգության տեսանկյունից. «Այստեղ բոլոր առումներով խնդիր ունենք: Խնդիրը գլոբալ լուծում է պահանջում՝ իրավական, տնտեսական և տեխնիկական առումով: Խնդրի լուծման արդյունավետ ճանապարհն է միջազգային կառուցների հետ աշխատելով՝ նրանց փորձի հիման վրա ստանալ գրագետ խորհրդատվություն, որպեսզի այս երեք խնդիրները լուծվեն միանգամից: Վերելակների գերակշիռ մասը պահանջում է ոչ թե նորոգում, այլ նորացում: Արդեն ամենօրյա աշխատանքի մեջ ենք, որպեսզի ծրագիր մշակվի այս ուղղությամբ»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան