Կապանի ԲԿ տնօրենն ազատվել է աշխատանքից
Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այսօր ընդունել է «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ բուժանձնակազմին:
Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, հանդիպման ընթացքում մարզպետը ներկայացրել է հանձնաժողովի կողմից բժշկական կենտրոնում հայտնաբերված խախտումները, անդրադարձել է վերջին շրջանում Կապանի բժշկական կենտրոնում պարբերաբար տեղի ունեցող մահացության դեպքերին: Հանդիպման ընթացքում Վահե Հակոբյանը պատասխանել է բժիշկների բարձրացրած հարցերին:
Աղբյուրը հայտնում է, որ երեկ՝ հունվարի 17-ին լուծվել է «Կապանի բժշկական կենտրո» ՓԲԸ տնօրեն Սմբատ Օրբելյանի հետ կնքված պայմանագիրը՝ հիմք ընդունելով տնօրենի կողմից իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու փաստը, որն արձանագրվել է ՀՀ Սյունիքի մարզպետի 2017 թվականի հունվարի 13-ի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի եզրակացության մեջ:
Վ. Հակոբյանն իր խոսքում ասել է, որ այսօր ներկայացնելու է «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 14:20-ին, «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ ընկերության մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում գրանցվել է նորածնի, այնուհետև վերջինիս մոր՝ 1990 թ. ծնված Մարինե Իվանյանի մահը:
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Սյունիքի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելը»: Նշանակվել են մահացած պտղի և Մ.Իվանյանի դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
Հարակից հրապարակումներ`
- Կապանում ծննդկանի մահվան դեպքի առթիվ քրգործը «ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերել» հոդվածով է
- Կապանում ծննդկանի մահը վրա է հասել վիրահատության ժամանակ
- Կապանում ծննդկան է մահացել