Չինարիի նկատմամբ հակառակորդի հարձակումը եղել է թիրախավորված. ՄԻՊ Հատուկ զեկույց
Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիոն փորձն անելիս հակառակորդը մտադրություն է ունեցել վնաս հասցնել խաղաղ քաղաքացիական բնակչությանը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով դեկտեմբերի 29-30-ին, ինչպես նաև տոնական օրերին այդ հատվածում իրականացրած փաստահավաք առաքելության արդյունքները:
«Հատուկ ուզում եմ շեշտել, որ գյուղի մոտակայքում որևէ զորամաս կամ ռազմական օբյեկտ չկա, որը կարող էր վկայաբերվել ադրբեջանական Զինված ուժերի կողմից: Այստեղ բացառապես խաղաղ, քաղաքացիական բնակչություն է: Եվ դա շատ ակնհայտ է դարձնում հակառակորդի մտադրությունը՝ վնաս հասցնելու խաղաղ բնակիչների կյանքին ու առողջությանը», -հայտարարեց Պաշտպանը:
Նրա ներկայացմամբ, փաստահավաք խմբի առաքելություն իրականացրած ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչը առանձնազրույցներ է ունեցել Չինարի գյուղի բնակիչների, գյուղապետի, գյուղի ավագանու անդամների, ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչների հետ, իսկ ավագանու անդամի ուղեկցությամբ եղել է գյուղի այն վայրերում, որտեղ տեղի են ունեցել մարդու իրավունքների խախտումներ:
Արդյունքում կազմվել է Հատուկ զեկույց՝ անգլերեն, տարբեր ճանապարհային ճանապարհային սխեմաներով, որոնցով ներկայացվում է, թե կոնկրետ որտեղ է եղել դիվերսիոն հարձակումը, միջադեպը, երբ սպանվել էին ՀՀ ԶՈւ մեկ սպա և երկու զինծառայող: Այդ զեկույցը անգլերենով ուղարկվելու է միջազգային կառույցներին:
Թաթոյանի խոսքով, առաքելության անդամները արձանագրել են, որ հունվարի 3-ին, ինչպես նաև հունվարի 8-ին գյուղի, մասնավորապես դպրոցի ու քաղաքացիական տների ուղղությամբ եղել են գնդակոծություններ:
«Մեր աշխատանքները ցույց տվեցին, որ հակառակորդի կողմից եղել են կոնկրետ թիրախային հարձակումներ և ուղղված են եղել այդ բնակիչների դեմ, իսկ մտադրությունն էլ եղել է կյանքին ու առողջությանը վնաս հացնելը», -հայտարարեց Արման Թաթոյանը:
Ասուլիսում Պաշտպանը ներկայացրեց կադրեր, որոնք արվել են Չինարիի դպրոցից, մանկապարտեզից, և տեղեկացրեց, որ այդ շինությունները տոնական օրերին եղել են հակառակորդի թիրախում և որպես ապացույց ցուցադրեց դրանց վրա մնացած փամփուշտների հետքերը:
«Հունվարի 8-ին հակառակորդը գնդակոծությունը իրականացրել է գիշերը: Քաղաքացիական բնակչությանը վնաս հասցնելու առումով դա ամենախոցելի ժամանակներից է, քանի որ մարդը գիշերը քնած է ու չի ակնկալում, որ կարող է կրակոց լինի», -նկատեց Թաթոյանը:
Փաստահավաք առաքելության Հատուկ զեկույցը, որն ամփոփվել է հունվարի 13-ին, առաջիկա օրերին կփոխանցվի միջազգային կազմակերպություններին: Թաթոյանն ասաց, որ հաջորդ շաբաթ լինելու է Ստրասբուրգում, ունենալու է հանդիպումներ ԵԽ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այնուհետև լինելու է Բրյուսելում և այդ բոլոր հանդիպումների ժամանակ ներկայացնելու է կատարված աշխատանքը:
Այդուհանդերձ, նա չհանրայնացրեց, թե ինչ սպասելիքներ ունի միջազգային կառույցներից:
«Ես միայն կարող եմ միանշանակ պնդել, որ ճիշտը մեր կողմն է ու դա պետք է ակտիվ պնդենք ամենուր», -նշեց Թաթոյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ, որը ձախողվել էր՝ հայկական ԶՈՒ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում: Դիվերսիոն փորձի հետևանքով հայկական զինված ուժերի 2 զինծառայող և մեկ սպա էր սպանվել:
Նրանք սպանվել էին իրենց ծառայության վայրում Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Հայաստանի Զինված ուժերի տրամադրության տակ առկա են անհերքելի ապացույցներ՝ ադրբեջանական կողմի նախահարձակ լինելու վերաբերյալ: Այդ ժամանակ մարտական հենակետում հայտնաբերվել էր ադրբեջանցի զինծառայողի դի:
Հարակից հրապարակումներ`
- Չինարիի դիվերսիոն փորձը եղել է այն ժամանակ, երբ ՀՀ զինված ուժերի կողմից վտանգ չկար. ՄԻՊ
- Մինսկի խումբը կոչ է արել վերադարձնել ադրբեջանցի զինծառայողի դին
- Դիվերսիոն ներթափանցման փորձի դեպքով քրեական գործ է հարուցվել
- ՄԻՊ ներկայացուցիչը դիվերսիոն հարձակման հետքերով անհապաղ մեկնել է Չինարի գյուղ
- Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի ուղղությամբ