Մեր նշաձողը պետք է լինի ՏՏ ոլորտում մինչև 2025թ-ը 70-80 հազար աշխատատեղ ստեղծելը. Կարեն Վարդանյան
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մինչև 2025 թվականը 40 հազար աշխատատեղ ստեղծելու համար պետք չէ հատուկ ռազմավարական ծրագիր մշակել, մեր բնականոն հունով կարող ենք հասնել այդ թվին, նշաձողը պետք է լինի 70-80 հազար աշխատատեղ ստեղծելը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Նրա խոսքերով՝ այն ռազմավարական ծրագրերը, որոնք նախատեսում են իրականացել` սկսած դպրոցներում ինժեներական լաբորատորիաների ստեղծումից, Պոլիտեխնիկի կցումը պաշտպանության նախարարությանը, ռազմական հետազոտությունների խթանումը, դա պետք է մինչև 2025 թ-ը ստեղծի 80 հազար աշխատատեղ, որովհետև 40 հազար աշխատատեղը դա կարող է լինել գործունեության սովորական տեմպի դեպքում:
Անդրադառնալով օրեր առաջ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցած տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) բնագավառի զարգացման վերաբերյալ հերթական քննարկմանը՝ ԻՏՁՄ-ի գործադիր տնօրենն ասաց, որ իրենց միությունը հրավիրված չէր այդ հանդիպմանը. «Չգիտեմ ինչու մենք հրավիրված չէինք, բայց միությունից անդամներ ներկա են եղել: Ինձ թվում է՝ պատահականություն է եղել, որ մեզ չեն հրավիրել: Նոր վարչապետը երևի դեռ չի կողմնորոշվել, թե ովքեր են դաշտում խաղացողները: Հուսով եմ՝ կշտկվի և մենք կմասնակցենք ռազմավարական ծրագրի քննարկմանը»,- ասաց նա:
Կարեն Վարդանյանը խոսելով ոլորտի հետագա զարգացման մասին՝ նշեց, որ Հայաստանում նախ պետք է որակյալ մասնագետներ պատրաստեն. «Հիմա ամբողջ աշխարհում տաղանդի սով է, Եվրոպայում և ԱՄՆ-ում այսօր 2 միլիոն թափուր աշխատատեղ կա ՏՏ ոլորտում, այդ թիվը 2018-ին կդառնա 3 միլիոն, իսկ 2021թ-ին՝ 5 միլիոն: Մենք դեռ չգիտենք, թե 5 տարի հետո ինչպես է փոփոխվելու ոլորտի բովանդակությունը` նոր համակարգիչներ, նոր տեխնոլոգիաներ, նոր մոտեցումներ և այլն»:
Ներկայացնելով Միության ռազմավարությունը՝ Կարեն Վարդանյանն ասաց, որ առաջին հերթին շեշտը դնում են կրթության որակի բարձրացմանը, բիզնեսի զարգացմանը, Կառավարության հետ համագործակցությանն ու Հայաստանի բրենդը դրսում ներկայացնելուն:
Նրա խոսքերով՝ 2019 թվականին տեղի է ունենալու ՏՏ ոլորտի համաշխարհային կոնգրես, որտեղ ակնկալում են՝ Հայաստանը այդ կոնգրեսին կներկայանա որպես միակ և առաջին երկիրը աշխարհում, որը բոլոր դպրոցներում կիրառել է նախնական ինժեներական կրթություն: Սա, ըստ նրա, մեծ հետաքրքրություն կառաջացնի, և Հայաստան կարող են գալ աշխարհի թիվ մեկ ընկերությունների թիվ մեկ մարդիկ:
«Դրա շնորհիվ Հայաստանի բիզնեսը կարող է աներևակայելի քայլ անել առաջ»,- ասաց Կարեն Վարդանյանը` հավելելով, որ դրա համար անհրաժեշտ է կառավարության աջակցությունը, որպեսզի մեծ թվով դպրոցներում այդ լաբորատորիաները բացվեն:
Անդրադառնալով պաշտպանության նախարարության հետ համագործակցությանը՝ ԻՏՁՄ գործադիր տնօրենը դրական համարեց ռազմարդյունաբերական ոլորտի պատասխանատու, փոխնախարար Դավիթ Փախչանյանի հետ համագործակցությունը. «Մենք ինժեներների մոբիլիզացիա ենք անում ապրիլի 2-ից հետո: Բարձր տեխնոլոգիաների ոլորտի ինժեներները, որոնք զինատեսակներ են արտադրում բանակի համար, դրանց զգալի մասը ցուցադրել ենք և հաջողություններ ենք ունեցել փորձարկումների ժամանակ»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին