Թվեր և փաստեր. ՀՖՖ-ն նշում է հիմնադրման 25-ամյակը
25 տարի առաջ այս օրը՝ հունվարի 18-ին, հիմնադրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: ՀՖՖ առաջին նախագահը դարձավ Նիկոլայ Ղազարյանը: Նույն թվականին ՀՖՖ-ն անդամագրվեց ՈՒԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին:
1992 թ. սկսեցին անցկացվել անկախ Հայաստանի առաջնությունը և Գավաթի խաղարկությունը: Հայաստանի առաջին գավաթակիր դարձավ Աբովյանի «Բանանցը», իսկ չեմպիոնական կոչումը նվաճեցին վերջնագիծը հավասար միավորներով հատած 2 թիմեր՝ «ՀՄԸՄ»-ն և «Շիրակը»: Ընդհանուր առմամբ, 25 տարիների ընթացքում բոլորից շատ՝ 14 անգամ, երկրի չեմպիոնի կոչումը նվաճել է Երևանի «Փյունիկը», որը նաև բոլորից շատ՝ 8 անգամ, նվաճել է երկրի գավաթը:
1992 թ. ձևավորվեց նաև Հայաստանի ազգային հավաքականը, որի գլխավոր մարզիչ նշանակվեց Էդուարդ Մարգարովը: 1992 թ. հոկտեմբերի 14-ին Հայաստանի նորաստեղծ հավաքականն անցկացրեց իր առաջին հանդիպումը` ընկերական խաղում մրցելով Մոլդովայի հավաքականի հետ: Այդ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի`0:0:
Առաջին ֆուտբոլիստը, ով գոլ հեղինակեց Հայաստանի հավաքականի կազմում, դարձավ Արսեն Ավետիսյանը` 1994 թ. հուլիսի 16-ին ընկերական խաղում գրավելով Մալթայի հավաքականի դարպասը: 1994 թ. Սեպտեմբերի 7-ին Հայաստանի հավաքականն անցկացրեց իր առաջին պաշտոնական հանդիպումը` «Եվրո-1996»-ի ընտրական փուլի շրջանակներում մրցելով Բելգիայի հավաքականի հետ:
Բրյուսելում տեղի ունեցած խաղում մեր ընտրանին պարտվեց 0-2 հաշվով, իսկ պաշտոնական խաղերում մեր դարպասը խփած առաջին գոլի հեղինակը դարձավ Երվանդ Կրբաշյանը` գրավելով սեփական դարպասը: Հայաստանի հավաքականի առաջին գնդակը պաշտոնական խաղերում խփեց Ռազմիկ Գրիգորյանը՝ 1995 թ. մայիսի 10-ին գրավելով ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականի դարպասը:
Ընդհանուր առմամբ, ՀՖՖ գոյության 25 տարվա ընթացքում Հայաստանի հավաքականում, աշխատել են 16 մարզիչներ և հանդես են եկել 182 ֆուտբոլիստներ: Ամենից շատ՝ 132 հանդիպում անցկացրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը, իսկ ամենից շատ՝ 19 գոլ հեղինակել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
ՀՖՖ նախագահի պաշտոնում Նիկոլայ Ղազարյանին փոխարինեց Արմեն Սարգսյանը (1994-1998 թթ.), իսկ 1998-2002 թթ. ՀՖՖ նախագահն էր Սուրեն Աբրահամյանը: 2002 թ. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվեց Ռուբեն Հայրապետյանը, ով մինչ օրս էլ գլխավորում է երկրի ֆուտբոլային գերատեսչությունը:
Ռուբեն Հայրապետյանի նախագահության ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը գրանցեց աննախադեպ առաջընթաց՝ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում բարձրանալով մինչև 30-րդ հորիզոնական (2014 թ. փետրվար): Հատկապես հաջող ստացվեց «Եվրո-2012»-ի ընտրական փուլը, երբ մեր հավաքականը, Վարդան Մինասյանի գլխավորությամբ, ընտրական խմբում վաստակելով 17 միավոր, զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:
2010 թ. սեպտեմբերի 1-ին Հայաստանում բացվեց ՀՖՖ տեխնիկական կենտրոնը` Ֆուտբոլի ակադեմիան: 2014 թ. սեպտեմբերի 13-ին` Գյումրու ֆուտբոլի ակադեմիան, իսկ 2016 թ. հոկտեմբերի 29-ին՝ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիան: