Յուրա Մովսիսյան. «Մարդիկ չեն ուզում ապրել երջանիկ` բոլորը միասին»
Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կարծում է, որ Ռուսաստանը պատվով կընդունի և կանցկացնի ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնությունը, ինչպես նաև հուսով է, որ Հայաստանի ազգային հավաքականը կկարողանա եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել: Այս մասին տեղեկացնում է ESPN-ն:
«Լավ գիտեմ ռուս ժողովրդին, նրանք շատ սիրալիր են: Կարծում եմ` աշխարհի 2018 թ. առաջնությունը լավագույններից մեկը կդառնա ֆուտբոլի պատմության մեջ: Ռուսաստանում ուզում են ապացուցել, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, ինչպես ներկայացվում է: Շատերը հիմար բաներ են խոսում այդ երկրի մասին` նստելով համակարգչի կամ հեռուստացույցի առջև` ոչ մի անգամ չլինելով Ռուսաստանում:
Ռասիզմի հետ կապված խնդիրնե՞ր: ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Գերմանիայում, Իսպանիայում և ամենուրեք կարելի է բախվել այդ խնդրի հետ: Վերջին երկու երկրներում ինքս էլ զգացել եմ դա սեփական մաշկիս վրա և չեմ կարողանում հասկանալ, թե ինչու մարդիկ չեն ուզում ապրել երջանիկ` բոլորը միասին:
Ռուսաստանն ամեն ինչ կանի, կարևոր ստուգատեսն առանց միջադեպերի անցկացնելու համար: Աշխարհի առաջնությունում կխաղան իմ ընկերներից շատերը: Հուսով եմ` Հայաստանի ազգային հավաքականը ևս կկարողանա հաղթահարել որակավորման փուլն ու հանդես գալ եզրափակչում»,- ասել է Մովսիսյանը: