Արցախը՝ Մադրիդի միջազգային տուրիստական ցուցահանդեսում
Արցախի զբոսաշրջային ներուժը ներկայացվում է հունվարի 18-ից 22-ը տեղի ունեցող Իսպանիայի «Ֆիտուր Մադրիդ 2017» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում:
Արցախի զբոսաշրջության զարգացման կազմակերպությունից հայտնում են, որ Եվրոպայի խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկում ավանդական ոճով ձևավորված Արցախի Հանրապետության տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացնում ցուցահադեսի այցելուների և մասնակիցների համար:
«Ըստ ԼՂՀ պատվիրակության ղեկավար, ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ս. Շահվերդյանի, ցուցահանդեսը անցնում է բնականոն հունով, տաղավարի այցելուներին տրամադրվում է համապարփակ տեղեկատվություն ԼՂՀ զբոսաշրջային արդյունքի մասին թե՛ զբոսաշրջային գրականության, թե՛ տեղում տաղավարի աշխատակիցների միջոցով:
Ընդհանուր առմամբ ցուցահանդեսին ԼՂՀ պատվիրակության աշխատանքները արդյունավետ են գնահատվում:
Ցուցահանդեսում Արցախի մասնակցության կապակցությամբ Իսպանիայում Ադրբեջանի հանրապետության դեսպանությունը հերթական բողոքի գրությունն է ներկայացրել ցուցահանդեսի կազմակերպիչներին և այլ մարմիններին, իսկ այս օրերին Մադրիդում գտնվող Ադրբեջանի Հանրապետության մշակույթի և տուրիզմի նախարար Աբուլֆազ Գարաևը իր դժգոհությունն է հայտնել ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղարին»,-ասված է կազմակերպության հաղորդագրությունում: