Տխուր ընկերություններ կան, բայց տխրահռչակ է «Վինարը». Ռոբերտ Մակարյան
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետո զրույցում անդրադառնալով վերամշակող ընկերությունների մթերումների դիմաց չկատարված պարտավորություններին՝ նշեց, որ խնդիրներ կան 2015 թվականին խաղողի մթերումների դիմաց վճարումների կատարման մասով:
Նրա խոսքերով՝ 2015 թ-ից խաղողագործներին չվճարված պարտքը հասնում է 105 միլիոն դրամի: «Պարտքի մեծ մասը՝ 84 մլն դրամը տխրահռչակ «Վինար» ընկերությանն է», - ասաց Ռոբերտ Մակարյանը:
Փոխնախարարը հիշեցրեց, որ գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցած պարտավորությունները չկատարելու համար ընկերությանը պատասխանատվության ենթարկելու համար դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն:
«Դիմել ենք դատախազություն, որպեսզի խնդիրները պարզաբանվեն իրավական դաշտում: Կարծում եմ` իրենք համապատասխան հայտարարություն կանեն», - նշեց Ռոբերտ Մակարյանը:
Լրագրողի ճշտող հարցին` միայն «Վինարն» է տխրահռչա՞կ, փոխնախարարը պատասխանեց. «Տխուր ընկերություններ կան, բայց տխրահռչակ է «Վինարը»»:
Ռոբերտ Մակարյանն անդրադարձավ նաև 2016թ-ին գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկմանը: Պատասխանելով հարցին, թե նախորդ տարի տնտեսական աճի մասին բազմաթիվ հայտարարություններ էին հնչում, մինչդեռ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին գոյւղատնտեսության ոլորտում արձանագրվեց համապատասխանաբար 20 և 30 տոկոսի անկում, արդյոք այդ աճի զգալի մասը «փուչիկ» էր կամ կեղծ էր, փոխնախարարը նշեց. «Դուք դրանում մեղադրում եք մեր բազմաթիվ գործընկերներին՝ սկսած համայնքներից և Ազգային վիճակագրական ծառայությունից: Գիտեք, որ խնդիրներ եղան խաղողի հետ կապված: Անցած տարի բերքը քիչ էր և անկման հիմնական պատճառը խաղողի բերքի սակավությունն էր, իհարկե եղել են նաև բազմաթիվ այլ խնդիրներ»:
Մանրամասները՝ տեսանյությում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին