«Ալաշկերտն» Անթալիայում 4 ստուգողական խաղ կանցկացնի
«Ալաշկերտ» ֆուտբոլային թիմը շարունակում է երևանյան մարզումները` գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի ղեկավարությամբ: Դրանք կավարտվեն հունվարի 30-ին, և հաջորդ օրը թիմը կմեկնի Անթալիա, որտեղ մինչև փետրվարի 13-ը երկրորդ ուսումնամարզական հավաքը կանցկացնի:
Ինչպես տեղեկացնում է ակումբի լրատվության բաժինը, Անթալիայում «Ալաշկերտը» 4 ստուգողական հանդիպում կանցկացնի: Փետրվարի 3-ին կմրցի Ռուսաստանի 1-ին դիվիզիոնի առաջատարներից մեկի՝ «Տոսնոյի» հետ: Լենինգրադի մարզի համանուն քաղաքը ներկայացնող այս թիմը շատ մոտ է Պրեմիեր Լիգա տեղափոխվելուն ու թեև 5 միավորով զիջում է առաջատար Մոսկվայի «Դինամոյին», բայց 7 միավորով գերազանցում է հետապնդող Խաբարովսկի ԲՄԱ-ին:
Հաջորդ փորձամրցումն «Ալաշկերտը» կանցկացնի դարձյալ ռուսաստանյան թիմի հետ: Այս անգամ մրցակիցը կլինի Պրեմիեր Լիգայի հնաբնակներից մեկը՝ Սամարայի «Կռիլյա Սովետովը»: Խաղը տեղի կունենա փետրվարի 6-ին: «Ալաշկերտի» հաջորդ 2 մրցակիցները Ղազախստանի Պրեմիեր Լիգան ներկայացնող «Ատիրաուն» և «Ակժայիկն» են: Այս հանդիպումները կկայանան համապատասխանաբար փետրվարի 9-ին և 12-ին:
Հաջորդ օրն «Ալաշկերտը» կվերադառնա Երևան և 3 օրից կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ պլանավորված է անցկացնել երրորդ ուսումնամարզական հավաքը: