Արոնյանի մրցակիցն այսօր մրցաշարի առաջատարն է
Մեկ օր հանգստից հետո Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում այսօր կվերսկսվի շախմատի «Տատա Սթիլ» մրցաշարը, որին մասնակցում է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Այսօր տեղի կունենան 5-րդ տուրի հանդիպումները:
Այս տուրում Արոնյանն ուժերը կչափի մրցաշարի առաջատար, Ուկրաինայի ներկայացուցիչ Պավել Էլյանովի հետ: Նախորդ 4 տուրերի բոլոր պարտիաներում հայ գրոսմայստերը ոչ-ոքի է խաղացել և վաստակելով 2 միավոր` 8-րդ հորիզոնականում է:
Էլյանովն իր ակտիվում ունի 3,5 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Նրանից կեսական քայլ են հետ Մագնուս Կարլսենն ու Ուեսլի Սոն: Մրցաշարի 5-րդ տուրի պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 17:00-ին: