Տիգրան Ղարաբաղցյան. «Երիտասարդ հուսալի ֆուտբոլիստներ ունենք»
«Արարատի» մարզիչ Տիգրան Ղարաբաղցյանն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում պատմել է թիմի նախապատրաստական փուլի, տեղացի ֆուտբոլիստների և նորեկ լեգեոներների մասին:
«Թիմը մրցաշրջանի նախապատրաստական փուլը թերի էր անցկացրել: Արկադի Անդրեասյանի՝ որպես գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո մնում էր արդեն շատ քիչ ժամանակ: Թիմն ընդունելու ժամանակ ունեիք մի քանի լեգեոնականներ, բայց արդյունքները գոհացուցիչ չէին և որոշում կայացվեց հնարավորություն տալ մեր տեղացի ֆուտբոլիստներին, որոնք ապացուցեցին, որ կարող են ֆուտբոլ խաղալ»,- նշել է Ղարաբաղցյանը:
Մարզչի խոսքերով` զգացվում էր փորձի պակասը և նրանց հաղթանակներ էին պետք` վստահություն ձեռք բերելու համար: Ղարաբաղցյանը կարծում է, որ նախապատրաստական փուլը հաջող անցկացնելու դեպքում ֆուտբոլիստների խաղամակարդակն էլ ավելի կբարձրանա:
«Մեզ միացել են երիտասարդ, հեռանկարային ֆուտբոլիստներ: Չնայած տարիքին, նրանք բարձրագույն լիգայում խաղալու բավականին մեծ փորձ ունեն: Հուսով ենք, որ բոլորն էլ օգտակար կլինեն մեզ մրցաշրջանի երկրորդ փուլում: Այժմ նախապատրաստական փուլի շեշտը դրվելու է ֆիզիկական պատրաստվածության վրա, որը լավ հիմք կտա ֆուտբոլիստներին: Այնուհետև կանցկացնենք տակտիկական, խաղային մարզումներ: Կլինեն նաև ընկերական հանդիպումներ»,- ասել է Ղարաբաղցյանը: