Սպորտի մասսայականացման ծրագիրը մշակվում է տարիքային բոլոր խմբերի համար
Այսօր Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դահլիճում տեղի է ունեցել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայական տարածման վերաբերյալ ազգային ծրագրի մշակման աշխատանքային խմբի հերթական նիստը: Աշխատանքային խմբի անդամները քննարկել են նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության կողմից մշակված ծրագրի երկու տարբերակներ, որոնք կազմվել են՝ հաշվի առնելով նմանատիպ ծրագրերի միջազգային փորձի ուսումնասիրման արդյունքները:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի քարտուղարությունը, աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Լևոն Վահրադյանը շնորհակալություն է հայտնել խմբի անդամներին` կատարած աշխատանքի համար և վստահեցրել, որ ծրագիրն իսկապես նպաստելու է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայականացմանը: Այն մշակվում է տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչների համար և օգնելու է բոլորին զբաղվել ֆիզկուլտուրայով և վարել ակտիվ մարզական կյանք: