Քոչարյանը՝ ԵԱՀԿ հայաստանյան կառույցը փակելու մասին
«Ադրբեջանը բավական է, որ իր մոտ թույլ չտվեց գործի ԵԱՀԿ գրասենյակը, այժմ էլ փորձում է խոչընդոտել Հայաստանի գրասենյակի գործունեությանը: Ես կարծում եմ, որ միջազգային կառույցները այդ հարցում անելիքներ ունեն», -այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի փակման մասին լուրերը:
Նա չհամաձայնեց լրագրողի դիտարկմանը, թե հայկական կողմը այս հարցում կոշտ դիրքորոշում չի ցուցաբերում: Ներկայացնելով խնդրի էությաւնը, Քոչարյանն ասաց, որ ԵԱՀԿ-ում բոլոր որոշումները, նույնիսկ բյուջեի մասին որոշումը, կայացվում է կոնսենսուսով:
«Այսինքն՝ Ադրբեջանը օգտագործում է բացահայտ շանտաժի մեխանիզմը՝ ասելով կարող եմ արգելափակել բյուջեն, եթե իմ ուզածով չլինի: Սա արդեն երկրորդ դեպքն է: Այդպիսի մի դեպք եղավ, երբ կար համաձայնություն նույն հետաքննության մեխանիզմի վերաբերյալ, որից հետո գումար էր տրամադրվում այդ նպատակի համար, այդ նույն սպառնալիքի տակ, որ արգելափակելու է ԵԱՀԿ բյուջեն, տապալեց այդ գործընթացը: Այնպես որ այդ վարքագիծը նոր բան չէ ու պահանջում է եվրոպական կառույցների կողմից հատուկ վերաբերմունք Ադրբեջանի նկատմամբ», -հավելեց Քոչարյանը:
Լրագրողը հետաքրքրվեց՝ ի՞նչ է կարծում կցուցաբերվի՞ հատուկ վերաբերմունք, ՀՀ ԱԳ փոխնախարարը պատասխանեց.
«Խնդիրը հետևյալն է՝ քանի որ ԵԱՀԿ-ում բոլոր որոշումները կոնսենսուսով են ընդունվում, այստեղ արդեն խնդիր է առաջանում: Կոնսենսուսից հրաժարվելը լուրջ քայլ է ու ինքնին այդ քայլը ենթադրում է բոլոր պետությունների համաձայնություն: Այնպես որ եթե մենք խոսում ենք իրավական դաշտում, խնդիրներ կան: Բայց կան նաև այլ լծակներ ազդելու այդ երկրի վրա, որն իրեն դուրս է դրել ընդհանրապես և միջազգային իրավունքից, և ընդունված խաղի կանոններից»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին