Բախշյանը «Ժառանգություն»-ում առանցքային անդամ երբեք չի եղել. Վարչության անդամ
Այսօր երեկոյան «Ժառանգություն» կուսակցությունում հնարավոր է՝ վարչության նիստ տեղի ունենա: Այդ մասին հստակ տեղեկություն նույնիսկ վարչության անդամներին հայտնի չէ: Անգամ նիստի օրակարգ չկա:
«Կարող է լինի, կարող է՝ չլինի: Ինձ պետք է զանգեն: Այսօր երևի ուշ կլինի: Դեռ նիստի օրակարգ էլ չունենք, հավանաբար տեղում օրակարգը կձևավորվի», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը:
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը արդեն մի քանի օր է՝ Երևանում է և վարչության անդամների հետ դեռ չի հանդիպել: Սա լինելու է վերջին ժամանակների առաջին նիստը, որին ներկա է լինելու Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ տրամադրություններ կան վարչությունում կուսակցության լուծարման մասին տեղեկությունների համատեքստում, նաև կուսակցությունից դուրս են գալիս անձինք: Տիկին Մուրադյանը հարցին պատասխանեց հարցով. «Ո՞վ է դուրս եկել»:
Անահիտ Բախշյանն է դիմում գրել կուսակցությունից դուրս գալու մասին, մեր արձագանքին ի պատասխան Մուրադյանը նկատեց.
«Անահիտ Բախշյանը կուսակցությունում առանցքային անդամ երբեք չի եղել, նրա տարիքի համար, իր կորցրած ամուսնու հետ կապված, իրեն հարգում էին: Նրա գնալով չի լուծարվելու կուսակցությունը: Եվ որևէ մեկի գնալով չի լուծարվելու, որովհետև այդ մանդատ ունեցող մի քանի հոգին չեն կուսակցությունը: Մեծ կուսակցություն է, որտեղ շատ առողջ հարաբերություններ են: Բախշյանի գնալը իր անձնական գործն է, կարծում եմ, ինքը սխալ է արել, հետո կհասկանա»:
Կուսակցականն ասաց, որ «Ժառանգությունում» գերակշռող են խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու տրամադրությունները:
«Բայց եթե գա պահը, որ գտնենք, որ նպատակահարմար է այս կամ այն կերպ մասնակցելը, մենք քվեարկությամբ կորոշենք, ու բնականաբար փոքրամասնությունը ստիպված կլինի հարգել մեծամասնության տեսակետը», -հավելեց Մուրադյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Անահիտ Բախշյանը դիմում է գրել «Ժառանգություն» կուսակցությունից դուրս գալու մասին:
Հարակից հրապարակումներ`
- Անահիտ Բախշյանը դուրս է գալիս «Ժառանգություն» -ից
- Կուսակցությունում, այո, կան տարաձայնություններ. Րաֆֆի Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան