Սյունիքի մարզում կհիմնվի ազատ տնտեսական գոտի
Այսօր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու հիմնման ներդրումային ծրագրի վերաբերյալ տեղեկատվական շնորհանդես, որին հաջորդել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանի մամուլի ասուլիսը` ՀՀ Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու հիմնման ներդրումային ծրագրի և Իրան-Հայաստան առևտրատնտեսական կապերի վերաբերյալ:
Նախարարության ներդրումային քաղաքականության վարչության ներդրումային ծրագրերի բաժնի պետ Արամ Վարդանյանը ներկայացրել է ՀՀ Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու հիմնման ներդրումային ծրագիրը:
Ըստ նրա՝ ծրագրի արժեքը գնահատվել է շուրջ 28 մլն դոլար, և հաշվի առնելով ընթացիկ ծախսերը, ընդհանուր գումարը կլինի շուրջ 32 մլն դոլար: «Ակնկալում ենք, որ 10 տարիների ընթացքում կազմակերպիչ ընկերության հասույթը կկազմի 52 մլն ԱՄՆ դոլար:
Շահութաբերության ներքին նորմը կազմում է 12%, իսկ ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ընկերությունը կունենա 60-70 աշխատող», - ասել է Արամ Վարդանյանը:
Իրականացված կանխատեսումներ համաձայն՝ ըստ նրա, 10 տարիների ընթացքում կներգրավվեն շուրջ 120 ընկերություն, որոնք տարեկան կարտահանեն 80-100 մլն ԱՄՆ դոլարի չափով ապրանքներ: Արտահանման համար թիրախային երկրներ նախանշվել են Իրանը, ԵԱՏՄ անդամ երկրները, Մերձավոր Արևելքի անդամ երկրները:
«Ներդրումների գծով ընդհանուր կանխատեսումները գնահատում ենք շուրջ 350-400 մլն դոլար»,- ասել է Արամ Վարդանյանը:
Հովհաննես Ազիզյանն էլ նշել է, որ նախագծի նպատակն է նպաստել Հայաստանի կայուն տնտեսական զարգացման ապահովմանը, մրցունակ արտադրանքի թողարկմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը, արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծմանը, արտահանման ծավալների ավելացմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը:
«ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) հիմնման շնորհիվ տեղում կստեղծվի մոտ 2500 աշխատատեղ, ինչը կնպաստի ոչ միայն մարզի, այլև տարածաշրջանի զարգացմանը: ԱՏԳ-ն Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մաքսային նոր օրենսգրքով ունի առավելություն, ինչը հնարավորություն է տալիս ԱՏԳ տարածքում աշխատող կամ այցելող յուրաքանչյուր անձի կատարել գնումներ` առանց մաքսային տուրք վճարելու: Սա կարևոր հնարավորություն է, որովհետև սա նաև կարող է նպաստել և այցելության, և զբոսաշրջության զարգացմանը»,- ընդգծել է նախարարի տեղակալը:
Ազատ տնտեսական գոտու տեղակայումը որոշվել է իրականացնել Սյունիքի մարզում՝ հաշվի առնելով նաև հայ-իրանական հարատև առևտրատնտեսական հարաբերությունները: Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանագծին հարող տարածքում նախանշվել է հողակտոր, որտեղ նպատակահարմար է իրականացնել նախագիծը: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով, որը ենթադրում է պետության մասնակցությունը ծրագրի իրագործմանը:
Փոխնախարարն ընդգծել է, որ այս նախաձեռնությունը լրացուցիչ հնարավորություն է Իրանի հետ առևտրատնտեսական կապերի աշխուժացման, տարածաշրջանային առևտրի զարգացման, ինչպես նաև Սյունիքի մարզում տարածքային զարգացման համար:
«Ներկայումս աշխատանքներ են իրականացվում Իրանի հետ ազատ տնտեսական գոտու համաձայնագրի կնքման շուրջ, որը լրացուցիչ հնարավորություն է տալիս այս ազատ տնտեսական գոտու գործունեության համար, որովհետև տվյալ նախնական համաձայնագրով նախատեսվում է, որպեսզի իրանական կողմը, նաև ԵՏՄ-ն որոշակի հստակ ապրանքների ցանկի մասով գործեն ազատ փոխհարաբերության գոտում»,- ասաց նա` հավելելով, մաքսատուրքերը կամ կնվազեն, կամ կվերացվեն, ինչը լրացուցիչ խթան է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար:
Հովհաննես Ազիզյանը տեղեկացրել է նաև, որ ՀՀ կառավարությունը համագործակցության է հրավիրում Սյունիքի մարզում ստեղծվող ազատ տնտեսական գոտու պոտենցիալ կազմակերպիչներին, ինչպես նաև ընդունում է ազատ տնտեսական գոտում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալելու համար նախնական դիմումներ, ինչի մասին հայտարարությունը տեղադրված է նախարարության կայքում և ավելացրել. «Հույս ունենք ներգրավել բավական լավ փորձ և կապեր ունեցող, ներդրումներ անելու մտադրությամբ ձեռնարկությունների տարբեր երկրներից»:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին