ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղը Հայաստանինն է. ՀՀ փոխարտգործնախարար
Այսօր կառավարության հերթական նիստից հետո լրագրողները Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի չնշանակման պատճառների մասին, ինչին պաշտոնյան արձագանքեց մանրամասն՝ ներկայացնելով իրավիճակը.
«Ընդունվել էր որոշում, որի համաձայն, ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է ռոտացիոն կարգով փոխարինվի, և բնական է, եթե ռոտացիան ուժի մեջ է մտնում, ապա առաջին պետությունը, համաձայն ռուսական այբուբենի, Հայաստանն է: Այդ որոշումը կայացվել էր: Նախորդ տարի արձանագրվել էր նաև, որ այո, ռոտացիան պետք է ուժի մեջ մտնի 2017-ի հունվարի 1-ից և բնական է, պետք է Հայաստանի ներկայացուցիչը լիներ: Երևանում երբ տեղի ունեցավ ՀԱՊԿ գագաթաժողովը, այդ ժամանակ չեղավ կոնսենսուս, որովհետև պահանջեցին, որ անդրադառնան այդ հարցին արդեն ՀԱՊԿ-ի մյուս հանդիպմանը, որը նախորդ տարի էր: Իսկ այդ հանդիպմանը ներկա չէր Բելառուսի նախագահը, ինչը հնարավորություն չի տվել որոշում կայացնել:
Արդյունքում հունվարի մեկից ոչ թե նոր գլխավոր քարտուղար կա, այլ ընդամենը պաշտոնակատար է դարձել գլխավոր քարտուղարի տեղակալը, որովհետև արդեն կար որոշում, որի համաձայն Բորդյոժան չէր կարող լինել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար: Մոտակա գագաթաժողովը այդ հարցում հստակեցում կմտցնի»:
Շավարշ Քոչարյանը պնդեց, որ այդ պաշտոնը Հայաստանինն է և առաջիկայում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովում կորոշվի Հայաստանի ներկայացուցչին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին հարցը:
Դիտարկմանը, թե մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ ՀԱՊԿ անդամ Ղազախստանն ու Բելառուսը չեն ցանկանում, որ Հայաստանի ներկայացուցիչը նշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, Քոչարյանն արձագանքեց, որ մամուլում գրվող այդ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում:
«Ես միայն մի բան կարող եմ ասել՝ Ղազախստանը այդ հարցում երբևիցե խոչընդոտ չի առաջացրել: Իսկ ահա Բելառուսի նախագահի բացակայությունը նախորդ համաժողովին, խնդիրներ առաջացրեց», -հավելեց պաշտոնյան: