Վրացագետ. Վրաստանի և «Գազպրոմ»-ի միջև կնքված փաստաթուղթը շահավետ է բոլոր կողմերի համար
Վրաստանի կառավարության և «Գազպրոմ» ռուսական ընկերության միջև Հայաստանին գազ մատակարարելու պայմանների վերաբերյալ համաձայնագիրը կողմերի համար փոխշահավետ փաստաթուղթ է: Դրա վերաբերյալ հնչած քննադատություններն ու դժգոհությունները սպասելի էին, քանի որ Վրաստանում հակառուսական տրամադրությունները պահպանվում են, Ռուսաստանը համարվում է ագրեսոր երկիր:
Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց վրացագետ Ալիկ Էրոյանցը՝ մեկնաբանելով համաձայնագրի կնքմանը Վրաստանում հաջորդած քննադատություններն ու հայտարարությունները:
«Վրաստանում համարում են, որ ռուսական պետական ընկերություն հանդիսացող «Գազպրոմը» հակավրացական շահեր է հետապնդում, և նման ընկերության հետ նման պայմանագրի կնքումը կասկածներ է առաջացնում, քննադատություններն էլ պայմանավորված են այն հանգամանքով, որ հանրությունն անտեղյակ է մնալու, թե ինչքան գումար է վճարելու ռուսական կողմը Վրաստանին տարանցման դիմաց»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ նախկինում «Գազպրոմ»-ը Վրաստանին վճարում էր Հայաստան մատակարարվող գազի ծավալի 10 տոկոսի չափով, իսկ նոր կնքված երկամյա պայմանագրով նախատեսված է վճարել ֆիքսված գումար: Դրա չափը չի հրապարակվում: Բացի այդ Վրաստանն անհրաժեշտության դեպքում կարող է ռուսական գազ ձեռք բերել՝ 1000 խմ դիմաց վճարելով 185 դոլար, նախկին 215-ի փոխարեն:
«Իրականում սա փոխշահավետ համաձայնություն է: Վրաստանի էներգետիկ ոլորտի պատասխանատուները դիվերսիֆիկացմանն ուղղված քաղաքականություն են իրականացնում, իրենց այլընտրանք է պետք: Եթե «Գազպրոմ»-ը հրաժարվեր Վրաստանին գազ մատակարարելուց, ապա վրացական կողմը ստիպված պետք է այլընտրանք փնտրեր»,-ասաց նա:
Էրոյանցի խոսքով, ստորագրված փաստաթուղթը «Գազպրոմ»-ի համար էլ է ձեռնտու, քանի որ ռուսական ընկերությունը հաղթանակ տոնեց մենաշնորհի ձգտող ադրբեջանական SOCAR-ի նկատմամբ, իհարկե զիջումների հաշվին:
Քննադատությունների արժանացած փաստաթուղթը շահավետ է նաև Հայաստանի համար: Էրոյանցը հիշեցնում է, որ տարանցման պայմանները նպաստել են Հայաստան մատակարարվող գազի էժանացմանը:
Փաստաթղթի կնքման փաստից առավել դժգոհ են Հայաստանին թշնամի երկրում՝ Ադրբեջանում:
«Դա հարված էր SOCAR ընկերությանը, որը ցանկանում էր վրացական շուկայում դառնալ գազի 100 տոկոսանոց մատակարար: Նրանց դա չհաջողվեց, ադրբեջանական կողմը չկարողացավ լրացնել Վրաստանին անհրաժեշտ 10 տոկոս բացը, որը կազմում է տարեկան 500 մլն խմ: Նրանք ամեն ինչ արեցին «Գազպրոմ»-ին վրացական շուկայից դուրս մղելու համար, սակայն չհաջողվեց»,-ասաց նա:
Էրոյանցը նշեց, որ մինչ 200-300 մլն խմ գազ Վրաստանը ստանում էր ռուսական «Գազպրոմ»-ից՝ Հայաստան գազի մատակարարման դիմաց, 40-60 մլն խմ՝ Հայաստանի միջոցով Իրանից:
«Սակայն Վրաստանում գնալով գազի սպառման ծավալներն ավելանում են, հետևաբար, դիֆիցիտն էլ մեծանում է և այլընտրանքի անհրաժեշտություն կա»,-ասաց նա:
Անդրադառնալով Վրաստանի նախագահի՝ համաձայնագրի վերաբերյալ հնչեցրած քննադատություններին ու մտահգոհություններին, Էրոյանցը կարծիք հայտնեց, որ այդպիսով Գեորգի Մարգելաշվիլին փորձում է պահել լիբերալ-դեմոկրատ գործչի իր կերպարը:
«Ամեն անգամ նման իրավիճակներում նա փորձում է իր կարծիքը հայտնել, նշելով, որ դա բխում է հանրության շահերից: Մյուս կողմից հայտնի է, որ նրանք խաղում են: Դեպքեր են եղել, որ ռուս-վրացական հարաբերություններում փոքր առաջընթաց գրանցելուն զուգահեռ Վրաստանի նախագահը միջազգային ամբիոներից հակառուսական ելույթներով է հանդես եկել: Սա կարծես իրենց մոտ ընդունված է»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի փոխվարչապետն արձագանքել է Մարգելաշվիլիին
- Վրացական ՀԿ-ները պահանջում են հրապարակել Հայաստանին գազի մատակարարման պայմանների վերաբերյալ փաստաթուղթը
- Վրաստանի նախագահին դուր չի գալիս Հայաստան գազ մատակարարելու վերաբերյալ «Գազպրոմ»-ի հետ կնքած փաստաթուղթը
- Վրացի նախարար. Վրաստանը պարտավորված չէ Ռուսաստանից գազ գնել
- Պայմանագի՞ր, թե տնտեսական անեքսիա
- Հայաստան գազ մատակարարելու վերաբերյալ Վրաստանի կառավարությունը համաձայնության է եկել «Գազպրոմ»-ի հետ
- ՀՀ վարչապետը ռիսկեր չի տեսնում, եթե վրացական գազամուղի 25 տոկոսը ձեռք բերի Ադրբեջանը
- Վարչապետը ներկայացրեց՝ ինչպես է էժանանում գազը