Գեղամ Կադիմյան. «Հաճելի է, երբ ինձ համեմատում են Մխիթարյանի հետ»
Լուգանսկի «Զարյայի» նորեկ Գեղամ Կադիմյանը, ով թիմի հետ 2 տարվա պայմանագիր է ստորագրել, իր առաջին հարցազրույցն է տվել ակումբի պաշտոնական կայքին` նշելով, որ իր կարիերայում այս տեղափոխությունն առաջ քայլ էր:
«Սա ինձ համար առաջընթաց է և կփորձեմ ամեն ինչ անեմ` երկրպագուներին իմ խաղով ուրախացնելու համար: Զգացողությունները խեղդում են ինձ: «Զարյա» տեղափոխությունս միանշանակ դրական եմ գնահատում: Այստեղ ինձ շատ ջերմ դիմավորեցին: Ինձ դուր եկավ կոլեկտիվը: Այսպիսի թիմի հետ կարող ես մեծ հաջողությունների հասնել»,- ասել է Կադիմյանը:
Այն հարցին, թե գլխավոր մարզիչ Յուրի Վերնիդուբը Կադիմյանին կարող է 2-րդ Հենրիխ Մխիթարյան դարձնել, հայ ֆուտբոլիստը նշել է, որ ուրախ կլինի, եթե կարողանա հասնել Հենրիխի խաղամակարդակին:
«Ինձ դուր է գալիս Մխիթարյանի հետ համեմատությունն ու երկրպագուների կարծիքը: Հենրիխի հետ խաղացել եմ հավաքականում: Նա շատ հաճելի ու լավ մարդ է և, իհարկե, հիանալի ֆուտբոլիստ: Ուզում եմ առաջ գնալ, որպեսզի կարողանամ ցուցադրել նույնքան բարձրակարգ ֆուտբոլ, որքան նա: Ուրախ կլինեմ, եթե գլխավոր մարզիչը կարողանա հասնել դրան»,- ասել է Կադիմյանը:
Ֆուտբոլիստը նաև նշել է, որ դեռ նոր է սկսել մարզվել թիմի հետ, բայց արդեն հասցրել է բավական շատ նոր բաներ սովորել և դեռ ամեն ինչ առջևում է: