Եթե դաշինքային ձևաչափը չստացվի ընտրություններին միայնակ գնալու տարբերակը կա. Արմեն Մարտիրոսյան
«Չկա ու չի կարող լինել մի կին, որը կասի, որ ես նրան մատով կպել եմ կամ փորձել եմ կպնել», -այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով մամուլում հրապարակված տեղեկությունը, թե ինքը երեկ կուսակցության վարչության փակ նիստում փորձել է ապտակել Զարուհի Փոստանջյանին:
«Այդ տեղեկությունը հերյուրանք է և թույլատրելի չէ բարոյականության սահմանները անցնելը», -հավելեց Մարտիրոսյանը:
Ինչ վերաբերում է երեկ տեղի ունեցած նիստին, ապա ըստ Մարտիրոսյանի, դրա արդյունքների մասին վաղ է խոսել և իրենք երեկ ուղղակի հանդիպել են կուսակցականների հետ՝ ներկայացնելու ընթացող քննարկումների մասին:
«Մենք երեկ հանդիպել ենք կուսակցականների հետ նրանց կարծիքը լսելու ստեղծված իրավիճակի հետ կապված: Ընդամենը դա էր», -ասաց Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, այժմ խնդիրն այն է, որ կուսակցության վարչության անդամները ցանկանում են երկրում արմատական փոփոխություններ և դա միայն կարող է լինել միասնական ջանքերով:
«Իսկ դրան հասնելու միակ տարբերակը դաշինքային ձևաչափն է, եթե դաշինքային ձևաչափը չստացվի ինչ-ինչ պատճառներով, այդ ժամանակ արդեն միայնակ գնալու տարբերակը մեր մոտ կա», -փոխանցեց «Ժառանգության» ներկայացուցիչը:
Հարցին, թե այդուհանդերձ ընտրություններին միայնակ մասնակցելու մտադրություն կուսակցություն ունի՞. Մարտիրոսյանը պատասխանեց. «Բոլոր տարբերակներն այս պահին սեղանի վրա են»:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Մարտիրոսյանը փորձել է ապտակել Զարուհի Փոստանջյանին. «Ժամանակ»
- Բախշյանը «Ժառանգություն»-ում առանցքային անդամ երբեք չի եղել. Վարչության անդամ
- Անահիտ Բախշյանը դուրս է գալիս «Ժառանգություն» -ից
- Կուսակցությունում, այո, կան տարաձայնություններ. Րաֆֆի Հովհաննիսյան
- Այնպիսի վիճակ չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կտրված է ամեն ինչից. Արմեն Մարտիրոսյան