ԳԱԼԱ-ն չի մասնակցի ընտրապայքարին և դրա փոխարեն կզբաղվի կուսակցաշինությամբ
Գյումրիում ստեղծված ԳԱԼԱ՝ «Գաղափարակից լիբերալների ալյանս» կուսակցությունը չի մասնակցի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց կուսակցության վարչության անդամ Արմենուհի Վարդանյանը:
«Կուսակցության ներկայացուցիչները այս օրերին ակտիվ հանդիպումներ, քննարկումներ ունեցան անդամների, համակիրների հետ, լսեցինք նաև նրանց կարծիքը ու երեկ երեկոյան քվեարկությամբ որոշեցինք չմասնակցել առաջիկա ընտրություններին», -ներկայացրեց Վարդանյանը:
Հետաքրքրվեցինք, թե ի՞նչն է նման որոշում կայացնելու հիմք հանդիսացել, հնարավո՞ր է՝ կուսակցությունը հաշվարկել է, որ չունի ռեսուրս, պոտենցիալ մտնելու ընտրապայքարի մեջ, ինչին ԳԱԼԱ-ի ներկայացուցիչը պատասխանեց.
«Վարչության նիստերի ընթացքում քննարկվել ու հաշվի են առնվել բոլոր մանրամասները: Շատ տարբեր պատճառներ են եղել: Չպետք է միայն կենտրոնանալ ռեսուրսների, հնարավորությունների վրա: Այսօր հայաստանյան քաղաքական դաշտում չկա ընդդիմադիր այնպիսի ուժ, որը փայլում է իր ռեսուրսներով կամ կարող է մրցել իշխանական ռեսուրսների հետ: Հաշվի առնելով ներկա քաղաքական իրավիճակը, մենք պարզապես նպատակահարմար չհամարեցինք ներգրավել այդ գործընթացների մեջ»:
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրություններում մասնակցող որևէ ուժերից մեկին պաշտպանելուն, ապա Վարդանյանն ասաց, որ առայժմ նման հարց կուսակցության վարչությունը չի քննարկել:
Իսկ ինչո՞վ է զբաղվելու առաջիկա տարիներին ԳԱԼԱ կուսակցությունը: Ի պատասխան Արմենուհի Վարդանյանն ասաց, որ զբաղվելու են կուսակցաշինությամբ:
«ԳԱԼԱ-ն ակտիվորեն զբաղվելու է կուսակցաշինական աշխատանքով, հզորացնելու ենք մեր ուժը, զբաղվելու ենք ակտիվ հասարակական, քաղաքական գործունեությամբ: Ինքնանպատակ չէ ներգրավել ընտրական գործընթացների մեջ կամ առաջնորդվել օլիմպիական սկզբունքով: Մենք կշարունակենք հզորացնել մեր թիմը, մեր ռեսուրսները: Այնպես որ ամեն ինչ նորմալ է», -հավելեց Արմենուհի Վարդանյանը: