Թեհրանում առևտրի կենտրոնի փլուզման հետևանքով 21 հրշեջ է զոհվել
Թեհրանում առևտրի կենտրոնի փլուզման հետևանքով 21 հրշեջ է զոհվել,-հաղորդում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին Թեհրանի «Փլասքո» առևտրային կենտրոնի վերին հարկերում խոշոր մասշտաբի հրդեհ էր բռնկվել: Որոշ ժամանակ անց շենքն ամբողջությամբ փլուզվել էր, ինչի հետևանքով 21 հրշեջ է զոհվել:
«ԻՍՆԱ»-ի փոխանցմամբ՝ փրկարարական աշխատանքները շարունակվում են:
Հավելենք, որ Թեհրանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը ցավակցական նամակ է հղել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: