Իտալիայում փրկարարները ձյան տակ մնացած հյուրանոցից գտել են ողջ մնացած մարդկանց
Իտալիայում փրկարարները երկու օր առաջ ձյան տակ մնացած հյուրանոցից ներկա պահին գտել են ութ ողջ մնացած մարդու, այդ թվում երկու երեխայի: Իտալական ԶԼՄ-ներն այս փաստն անվանել են «հրաշք»: Ռիա նովոստին գրում է, որ մարդկանց տարհանելու համար դեպքի վայր են մեկնել փրկարարական ուղղաթիռներ:
Rainews24-ի տվյալներով, ողջ մնացածները դեռևս արգելափակված են շենքում, պատրաստվում է նրանց փլատակներից դուրս հանելու գործողություններ:
Իտալիայի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին, որ հյուրանոցում ողջ մնացած մարդկանց գտնելու հույս կա: Նրանք դեպքի վայր ուղարկել էին բանակային ստորաբաժանումներ և հատուկ սարքավորումներ, նաև մի խումբ փրկարարներ և հրշեջներ, որպեսզի որոնողական աշխատանքներ իրականացնեն:
Հիշեցնենք, որ կենտրոնական Իտալիայի լեռնային հատվածում գտնվող փոքրիկ հյուրանոցը ձյան տակ էր հայտնվել հունվարի 18-ին: Ձնակույտը եռահարկ հյուրանոցի վրա էր թափվել, հավանաբար, ստորգետնյա ցնցումներից հետո: Այդ պահին հյուրանոցում գտնվել էր 30 մարդ:
ՏԱՍՍ-ը գրում է, որ ներկա պահին պաշտոնապես հայտարարվում է երկու զոհի մասին, որոնց մարմինները դուրս էին հանվել նախօրեին: Եվս երկու հոգի փրկվել է: Տղամարդիկ այդ պահին փողոցում են եղել և փակվել են մեքենայում: