Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրն է
Այսօր լրանում է մեծանուն բանաստեղծ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 98-րդ տարեդարձը: Բանաստեղծուհու ծննդյան տարեդարձի առիթով Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, մասնաճյուղ հանդիսացող Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի հետ կազմակերպել են այցելություն Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն: Ս. Կապուտիկյանի շիրիմի մոտ տեղի կունենա հիշատակի խնկարկման արարողություն, իսկ ժամը 13:30-ին` հուշ-ցերեկույթ, բանաստեղծուհու տուն-թանգարանում:
Panorama.am-ի հետ զրույցում տուն-թանգարանի աշխատակից Անահիտ Քերոբյանն ասաց, այսօր տուն-թանգարանի հավաքածուն կազմում է ավելի քան 6000 թանգարանային առարկա, ցուցադրվում է 700-ը:
«Մեր թանգարանը տարեկան մինչև 30-40 հազար այցելու էր ունենում: Նախորդ տարվանից տուն-թանգարանի մուտքը դարձել է վճարովի, այդ իսկ պատճառով այցելուների քանակը մի քիչ նվազել է: Մեր այցելուները հիմնականում դպրոցականներն են, ուսանողները: Շատ են նաև սփյուռքահայ այցելուները: Ունենում ենք օտարազգի շատ հյուրեր»,- նշեց նա:
Թանգարանը գործում է 2009 թվականից: Այդ տանը Սիլվա Կապուտիկանն ապրել է 30 տարի: Ա. Քերոբյանն ասաց, որ տունը վերածվել է տուն-թանգարանի հենց Կապուտիկյանի կտակի համաձայն. «Իր ձեռքով դասավորել էր իր ամբողջ թանգարանը: Ինչպես դասավորել է, մենք այդպես էլ թողել ենք: Միայն ավելացվել է պատշգամբի հատվածը, մենք այդտեղի ցուցադրությունն ենք պատրաստել»:
Նա նաև նշեց, որ տուն-թանգարանն արդեն պատրաստվում է Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին, կազմակերպելու են ժամանակվոր ցուցադրություններ:
«Մեր հավաքածուն շատ հարուստ է, ունենք նամակներ, տեսանյութեր, որոնք պետք է մշակենք ու ներկայացնենք բանաստեղծուհու 100-ամյակին»,- հավելեց տուն-թանգարանի աշխատակիցը:
«ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՍԻԼՎԱՅԻՆ. Սիլվա Կապուտիկյան` նորոգ վերծաղկում Վանա ծովու ոգու, Սիլվա Կապուտիկյան` երգիչը արդար խոսքի մեսրոպյան լեզվով, Սիլվա Կապուտիկյան` Սոսյաց անտառը լուսո Հայկազեան ցեղի, ռազմի երգերով. Սիլվա Կապուտիկյան, Քեզ գովք ու օրհնանք Սուրբ Էջմիածնի Լուսո խորանից»,- Ս. Կապուտիկյանի մասին ասել է Կաթողիկոս Ամենայն Հայոց Վազգեն Առաջինը (20.01.1994 թ. ):
«Չլիներ ծովը, երկնքի պատկերը երկրի վրա չէր լինի, չլիներ քո պոեզիան... շատ խավար կլիներ մեր երկիրը: Ապրի՛ր, ստեղծի՛ր, եղիր հավատարիմ մեր ժողովրդի իղձերին»,- Սիլվա Կապուտիկյանի մասին ասել է Ավետիք Իսահակյանը (20.01.1955 թ., Երևան):
Սիլվա Կապուտիկյանը ծնվել է Երևանում, Վանից գաղթած ընտանիքում։ Սովորել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցում։ 13 տարեկանում գրել է իր առաջին բանաստեղծությունը, որը տպագրվել է «Պիոներ կանչ» թերթում։ Նրա հայրը՝ Բարունակ Կապուտիկյանը, ազգային գործիչ էր, խմբագրիչ, որն սպանվեց 1920 թվականին։
1936-1941 թվականներին սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում, 1950 թվականին՝ Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացներին։
Կապուտիկյանը շատ է գրել հայրենիքի, հայոց լեզվի, հայ ժողովրդի ճակատագրի մասին։ Նա ամբողջ կյանքը նվիրել է ստեղծագործական աշխատանքի և հայրենիքին։ Շրջագայել է սփյուռքի հայկական գաղթօջախներում և նախկին խորհրդային միության հանրապետություններում և քաղաքներում։ Նրա գրական ձիրքը հանդես է եկել պատանեկան տարիներից, իսկ երիտասարդական տարիներից ձևավորվել է քաղացիական ուղղվածությունը։ Նա դարձավ իսկական խորհրդային գրողի կերպար՝ կրելով այդ տարիների կուսակցական գաղափարախոսության ամբողջ պատասխանատվությունը։ Կապուտիկյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Ունի ռուսերեն ավելի քան 20 ժողովածու։ Արժանացել է բազմաթիվ մրցանակաների, կոչումների, շքանշանների՝ ԽՍՀՄ պետական (1952), Հայաստանի պետական (1988), Նոսիդեի անվան միջազգային (Հռոմ, 1989) և այլն:
Սիլվա Կապուտիկյանը մահացել է 2006 թվականին։
«Թերևս մեզանից ոչ ոք չի կարողացել իր ստեղծագործության մեջ այնպես զուգակցել միտքն ու զգացմունքը, ավանդականն ու ժամանակակիցը, ազգային ձևն ու մարդկային խորքը, եղերգականն ու մարտականը, հետիոտն, գիտակցված պրոզաիզմն ու ճախրող բանաստեղծականը, ինչպես Կապուտիկյանը»,- ասել է Համո Սահյանը:
Լուսանկարները՝ տարբեր աղբյուրներից
«Մեր սիրելի անզուգական Սիրվա՛րդ, Մեր մեծ հանճարեղ ժողովրդի զավակն ես դու` ամբողջովին ծնված մեր հողից, սնված մեր արմատներից, մեր տանջանքներից ու ուրախություններից, այն ժողովրդի, որը երբեք չի տիրել, չի տրորել, այլ միշտ տրորված լինելով` շարունակել է շտկել իրանը, բարձրացնել գլուխը և նորից նայել արևին, նորից ստեղծել, ստեղծել, ստեղծել … Ապրի՛ր, ստեղծի՛ր,բա՛րձր պահիր Մեծ ժողովրդի անունը, նրա իդեալները, նրա արդար դատի իրավունքը»,- ասել է նկարիչ Մարտիրոս Սարյանը:
Տեսանյութը՝ արխիվից