Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցում կայանալու է Տաթև Ամիրյանի մենահամերգը
Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցում փետրվարի 4-ին տեղի կունենա ամերիկաբնակ կոմպոզիտոր և դաշնակահար, Երաժշտական արվեստների դոկտոր Տաթև Ամիրյանի ստեղծագործական մենահամերգը, որը կազմակերպվել է Սուրբ Հովհաննես եկեղեցու և տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ: Կազմակերպիչների տարածած հաղորդագրության համաձայն, ծրագրում հեղինակային կատարմամբ հնչելու են Տաթև Ամիրյանի դաշնամուրային ստեղծագործությունները վերջերս թողարկած նրա դաշնամուրային ալբոմից, ինչպես նաև վոկալ և դաշնամուրային դուետներ ամերիկաբնակ երգչուհի Նադիմա Ավագյանի և հեղինակի կատարմամբ: Համերգի հասույթի մի մասը տրամադրվելու է Երևանի Սուրբ Աննա եկեղեցու նորաստեղծ «Գանձեր» երգչախմբին:
Կոմպոզիտոր, դաշնակահար, Երաժշտական արվեստների դոկտոր Տաթև Ամիրյանը (1983 թ.) ավարտել է Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի երաժշտական տեսության և կոմպոզիցիայի դասարանները, այնուհետև՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի (Աշոտ Զոհրաբյանի և Արամ Սաթյանի դասարաններ) և երաժշտագիտության (Զարուհի Տեր-Ղազարյանի դասարան) ֆակուլտետները: Հետագայում ուսումը շարունակել է ԱՄՆ-ի Միսսուրիի համալսարանի Կանզաս քաղաքի Երաժշտության և Պարի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնի ասպիրանտուրայում և ստացել Երաժշտական արվեստների դոկտորի աստիճան: Սովորել է ամերիկացի կոմպոզիտորներ Ջեյմս Մոբբերլեյի, Չեն Յիի և Զյու Լոնգի դասարաններում, ինչպես նաև մասնակցել է ամերիկյան հայտնի կոմպոզիտորներ Ջոն Կորիգլիանոյի, Ստեֆեն Հարտկեի և Սթիվեն Սթաքիի վարպետության դասընթացներին: Ամիրյանը հեղինակ է մի շարք ստեղծագործությունների, գրված ամենատարբեր ժանրերում` վոկալ, գործիքային, կամերային, խմբերգային և սիմֆոնիկ: Նրա երաժշտությունը հնչել է Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ի տարբեր նահանգներում, Լեհաստանում, Անգլիայում, Բելգիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Հոլանդիայում և Ճապոնիայում, ճանաչված տարբեր կատարողների, այդ թվում դաշնակահարներ Ջեֆրի Ջակոբի, Հայկ Մելիքյանի, Արթուր Ավանեսովի, տերեմինահար Թորվալդ Ջորգենսենի, ամերիկյան «Carme Diem» լարային կվարտետի, գերմանական «Oktoplus» անսամբլի և Կանզաս քաղաքի «Metropolitan Choral» երգչախմբի կատարմամբ:
Ամիրյանը մասնակցել է մի շարք հայտնի մրցույթների և փառատոների` Հայաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայում, արժանացել է մրցանակների:
Ստեղծագործական գործունեությանը զուգահեռ Ամիրյանը հանդես է գալիս նաև որպես դաշնակահար` կատարելով իր հեղինակային ստեղծագործությունները, դասական և ժամանակակից գործեր, ինչպես նաև դաշնամուրային իմպրովիզացիաներ տարբեր ոճերում:
Ամիրյանը դասավանդել է ԱՄՆ-ի մի շարք բարձրագույն կրթական հաստատություններում, այդ թվում՝ Միսսուրիի համալսարանում, Քալիֆոռնիա նահանգի Սան Հոզե քաղաքի Cogswell քոլեջում, SAE (School of Audio Engineering) Ինստիտուտում և Բերքլի քաղաքի Քրաուդենի անվան երաժշտական կենտրոնում: