Արոնյան. «Ես իմ թշնամին չեմ»
Նիդերլանդներում ընթացող «Տատա Սթիլ» մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով առավելության էր հասել մրցաշարի միանձնյա առաջատար Պավել Էլյանովի նկատմամբ: Հանդիպումից հետո Արոնյանը պատմել է պարտիայի ընթացքի մասին: Տեղեկացնում է chess-news.ru-ն:
«Պավելը կատալոնյան մրցախաղ սկսեց, հետաքրքիր գաղափար էր, ես այն երբեք չէի տեսել, սակայն կարողացա ճիշտ գնահատել իրավիճակն ու հավասարեցնել խաղը: Բայց զգում էի, որ կարող եմ հաղթել: Եթե ամեն ինչ այլ կերպ ընթանար և տեսնեի, որ իրավիճակը բարդանում է, գուցե ոչ-ոքի առաջարկեի: Բայց, քանի որ դիրքն ինձ դուր էր գալիս, ես իմ թշնամին չեմ:
Մեծ նշանակություն չեմ տալիս այն հանգամանքին, որ հաղթել եմ առաջատարին: Հաղթանակը մնում է հաղթանակ: Ավանդույթի համաձայն` հաղթում եմ այն պարտիաներում, երբ մրցակիցս անհաջող է հանդես գալիս»,- ասել է Արոնյանը: