Դեսպան. Դինքի սպանությունից տասը տարի անց Թուրքիայում շարունակում է գերակայել արդարության ձգտող անձանց լռեցման նույն գործելաոճը
ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ նվիրված «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր, ականավոր լրագրող և մտավորական Հրանտ Դինքի սպանության 10-րդ տարելիցին:
Դեսպանն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանի առաքելության կողմից տարիներ շարունակ այդ հարցը պարբերաբար բարձրացվել է, ինչին թուրքական պատվիրակությունը մշտապես պատասխանել է, թե անհրաժեշտ է սպասել հետաքննության արդյունքներին:
Դեսպան Կիրակոսյանն արձանագրել է, որ մեկ տասնամյակ անց դատավարությունն ի հայտ չի բերել սպանության կազմակերպիչներին՝ լիովին կիսելով ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի նույնանման գնահատականը:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, դեսպանը նաև համոզմունք է հայտնել, որ լրագրողների, համայնքային առաջնորդների և մտավորականների նկատմամբ բռնությունների ու սպանությունների բացահայտման ձախողումը ստեղծում է անպատժելիության մթնոլորտ և դրանով իսկ խրախուսում անհանդուրժողականությունը:
Նա իր խոսքում հիշատակել է, որ Հրանտ Դինքը ճնշման է ենթարկվել Հայոց Ցեղասպանության վերաբերյալ իր մոտեցումների և հայտարարությունների համար: «Ցավոք, Դինքի սպանությունից տասը տարի անց Թուրքիայում շարունակում է գերակայել ճշմարտության և արդարության ձգտող անձանց լռեցման նույն գործելաոճը: Դրա մասին է վկայում Թուրքիայի խորհրդարանի նիստերին պատգամավոր Գարո Փայլանի մասնակցության արգելքը: Տեղեկություններ են հայտնվել անգամ, որ որոշ քաղաքական կուսակցություններ փորձում են քրեական գործ հարուցել նրա դեմ՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա խոսքը համարելով այլատյացություն» -նշել է դեսպանը:
Արման Կիրակոսյանն ընդգծել է, որ Թուրքիան ԵԱՀԿ-ում իրեն ներկայացնում է որպես կրոնական խմբերի հանդեպ հանդուրժողականության և խտրականության վերացման ջատագով՝ միաժամանակ հանդուրժողականության չցուցաբերելով բնիկ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ, որոնց որոշ հատվածներ կարողացել են վերապրել ու գոյատևել մերօրյա Թուրքիայում:
Կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համատեքստում դեսպան Կիրակոսյանը հիշեցրել է թուրքական պատվիրակությանը, որ հայկական կողմն արդեն իսկ մեկ տարի է սպասում է Թուրքիայի պարզաբանումներին՝ թուրքական իշխանությունների կողմից Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու և դրա տարածքի առգրավման հետ կապված:
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երեկո է տեղի ունեցել Ստոկհոլմում
- Թբիլիսիում բացվելու է թուրք լուսանկարչի ցուցահանդեսը՝ նվիրված Հրանտ Դինքի հիշատակին
- Քուրդ կուսակցապետը բանտից նամակ է հղել Դինքի մահվան տարելիցի կապակցությամբ
- Դինքի գաղափարները, մտքերը, տեսակետները ապրում են և կշարունակեն ապրել. Հրանուշ Հակոբյան
- Դինքի ընկերները ցույց են կազմակերպել՝ պահանջելով արդար դատավարություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան