Իրանի դեսպանին ներկայացվել է Հայաստանի տարածքով մուլտիմոդալ փոխադրման առավելությունները
Տրանսպորտի նախարարն Իրանի դեսպանին է ներկայացրել Հայաստանի տարածքով մուլտիմոդալ փոխադրման առավելությունները,-հաղորդում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պաշտոնական կայքը:
Տեղեկատվության համաձայն՝ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը հունվարի 19-ին ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: Հանդիպմանը ներկա է եղել նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն:
Նախարարը դեսպանին է ներկայացրել Հայաստանի տարածքով Իրանից դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ փոխադրումների ծրագիրը, իսկ Սերգեյ Վալկոնն էլ ընդգծել է փոխադրման այս ճանապարհի առավելությունները:
Մասնավորապես, շեշտադրվել են մուլտիմոդալ փոխադրման ընթացքում բեռների անվտանգության և փոխադրման մատչելիության գործոնները: Նախարարը դեսպանին առաջարկել է իրանական բիզնես հանրությանը ներկայացնել այս հնարավորությունը և սերտացնել շփումները բեռնափոխադրումների ոլորտում:
Իրանի դեսպանը տեղեկացրել է, որ անձամբ եղել է Երասխ կայարանում, ծանոթ է տերմինալի հնարավորություններին և պատրաստակամ է իրանցի գործարարներին ներկայացնել բեռնափոխադրման այս ճանապարհը` որպես բավական արդյունավետ մոդել:
Վահան Մարտիրոսյանն առաջարկել է երկու երկրների գործարարների մասնակցությամբ կազմակերպել համատեղ կլոր սեղան-հանդիպում և քննարկել բիզնես շփման ուղիներ:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի կապի նախարարի` Հայաստան այցելության կազմակերպչական հարցերի շուրջ:
Իրանի դեսպանը տեղեկացրել է, որ մոտ ժամանակներս Իրանից Հայաստան է ժամանելու իրանցի գործարարների պատվիրակություն: