Մենք հակված ենք անցնցում, առանց ընդհարումների հասնել փոփոխությունների. Արամ Սարգսյան
«Այս ընտրությունները բնույթով ու ձևով բացարձակ նոր են, չփորձարկված: Ոչ ոք չի կարող համոզիչ, իրատեսական ու վերջնական կանխատեսել՝ ինչ ընթացք կունենան, առավել ևս՝ ինչ արդյունք կգրանցի», -այսօր «ԵԼՔ» դաշինքի առաջին համաժողովում ունեցած ելույթում հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը:
Նա վստահեցրեց, որ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում անելու են այն, ինչ չեն արել նախորդ ընտրությունների ժամանակ:
Քաղաքական գործչի խոսքով, նոր ընտրակարգով Հայաստանի 13 ընտրատարածքներում իշխանությունը փորձելու է «դոլարային միլիոնատերերի» ռեսուրսն օգտագործել ու վարչական ռեսուրսի, փողի ուժով հասնել ընտրություններում հաջողության:
«Իմ կարծիքով, ընտրության տարբերակ իրենք չունեն էլ: Արդար ընտրությամբ ժողովրդից քվե ստանալը իրենց դեպքում չի աշխատելու, այսինքն՝ իշխանությունը փող է բաժանում, որ գա իշխանության և գալիս է իշխանության, որ փող աշխատի», -նկատեց Արամ Զավենիչը:
Նա ներկայացրեց, թե ինչ այլընտրանք ունի իրենց ընտրողը, որն առաջնորդվելու է գաղափարներով. «ՀՀԿ-ն ասելու է, որ ամեն ինչ լավ է, իրեն վստահելու դեպքում ավելի լավ է լինելու ու փող է բաժանելու, ոչ իշխանություններն ասելու են՝ վատը ՀՀԿ-ն է և Սերժ Սարգսյանի շրջապատը: Իսկ մյուս ուժերը Հայաստանի ինքնիշխանությունը նվիրել են Ռուսաստանին ու իրենց պատկերացնում են Բելառուսի ու Ղազախստանի հետ: Բոլոր ուժերը իրարից չեն տարբերվում:
Նայելով այս ուժերին ակնհայտ ու պարզ է դառնում, որ ելքը մենք ենք: «Ելքն» է այն ուժը, որ ազատ, անկաշկանդ ու քննադատում է իշխանություններին: Գաղափարին, սկզբունքին նվիրվածությունը «ԵԼՔ»-ը ապացուցել է տարիների անդավաճան պայքարով, զրկանքներով, բանտերով»:
Նա հորդորեց ժողովրդին ակտիվ մասնակցել ընտրություններին, քանզի այս ընտրությունները «գործող իշխանության իրական փոփոխության միակ քաղաքակիրթ ու անվտանգ հնարավորությունն է»:
Սարգսյանը նաև հիշեցրեց, որ երկու անգամ պատգամավոր է ընտրվել՝ առաջին անգամ բոյկոտել և չի մասնակցել նիստերին, իսկ երկրորդ անգամ հրաժարվել մանդատից:
«Կարծում եմ՝ գաղտնիք չէ, որ իմ խնդիրը ոչ թե պատգամավոր դառնալն է, այլ իրական համակարգային փոփոխությունների հասնելն է ու եվրոպական մոդելի համակարգ ունենալը: Ազնիվ ու անկաշառ ընտրությունների դեպքում «ԵԼՔ» դաշինքը ԱԺ-ում ունենալու է պատկառելի ներկայություն: ԵԼՔ-ը հակված է իր պայքարը տանել խաղաղ, հավատով: Մենք հակված ենք անցնցում, առանց ընդհարումների փոփոխությունների հասնելու ու եթե իշխանությունն ընտրի այլ ճանապարհ, միևնույնն է, դա այլևս իրենց չի օգնելու», -հայտարարեց Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին