Ռոման Պոլանսկուն ժյուրիի նախագահ նշանակելը բողոքի ալիք է բարձրացրել
Ֆրանսիայի ընտանիքի, երեխաների ու կանանց հարցերի նախարար Լորանս Ռոսինյոլը հայտարարել է, որ շոկի մեջ է հայտնվել՝ իմանալով, որ ռեժիսոր Ռոման Պոլանսկուն նշանակել են «Սեզար» կինոմրցանակաբաշխության ժյուրիի նախագահ: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն՝ հիշեցնելով, որ 83-ամյա Պոլանսկին ԱՄՆ-ում մեղադրվում է 1977 թվականին անչափահաս Սամանթա Գեյմերին բռնաբարելու համար: Վաշինգտոնը ձգտում է ռեժիսորի արտահանձնման:
Ավելի վաղ Պոլանսկուն ժյուրիի նախագահ նշանակելու վերաբերյալ վրդովմունք էին արտահայտել կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տարբեր խմբեր: Ակտիվիստները կոչ են արել բոյկոտել կինոմրցանակների հանձնման արարողությունը:
«Սեզար»-ի կազմակերպիչներն իրենց ընտրությունը պայմանավորել են Պոլանսկու հատուկ գեղագիտական ճաշակով և նրա ռեժիսորական տաղանդով:
Պոլանսկին ապրում է Փարիզում, նաև բնակարան ունի Լեհաստանի Կրակով քաղաքում: 1978 թվականին նա դատարանում ընդունել էր բռանաբարության մեղադրանքը, դրանից հետո գաղտնի լքել էր ԱՄՆ-ը: Ամերիկյան օրենքով նրան սպառնում է 50 տարվա ազատազրկում: Լեհաստանի գերագույն դատարանը դեկտեմբերին վճռել էր, որ Պոլանսկին չի կարող արտահանձնվել ԱՄՆ: Պոլանսկու ֆիլմերը քանիցս միջազգային հեղինակավոր մրցանակներ են ստացել: Նա «Օսկար»-ի դափնեկիր է «Դաշնակահարը» ֆիլմի համար:
Հարակից հրապարակումներ`
- Ռոման Պոլանսկին գլխավորելու է «Սեզար» կինոմրցանակի հանձնման արարողությունը
- Ոչինչ չակնկալելով՝ Ռոման Պոլանսկին արժանացել է «Սեզար» մրցանակի
- Ռ. Պոլանսկին իր ձեռքով ստացավ իր մրցանակը