Սերժ Սարգսյան. «Մեր առաջնագիծն ամբողջությամբ տեսադիտարկվում է»
«Գիշերային տեսանելիության սարքերի խնդիրն այսօր ամբողջովին լուծված է»,-զորացրված զինծառայողների հետ հանդիպմանն ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
«Կարող եմ պաշտոնապես ասել, որ մենք չունենք դիրք, որտեղ չլինի գիշերային տեսանելիության սարք, գիշերային տեսանելիության նշանոց: Բացի դրանից, մեր առաջնագիծն ամբողջությամբ տեսադիտարկվում է»,-նշել է Սարգսյանը:
Անդրադառնալով պաշտպանական անձնակազմին տեղափոխող տեխնիկական միջոցների նորացման խնդրին՝ նախագահն ասել է. «Միայն տարեվերջին մի քանի հարյուր «КАМАЗ» ենք ձեռք բերել: Այս տարի ևս գործընթացը շարունակվելու է: Հիմա 6-րդ պաշտպանական շրջանում տեխնիկական ամբողջովին նորացված է»: Օդային և ցամաքային ռադիոհետախուզության սարքերի արդիականացման մասով էլ նախագահն ասել է, որ այս տարի ունենք պատվիրված շատ ժամանակակից միջոցներ, որոնք չափազանց կարևոր են:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել վերջին ամիսներին զորացրված՝ ծառայության ընթացքում անձնվիրությամբ ու խիզախությամբ աչքի ընկած զինծառայողների հետ, որոնց մեծ մասը մասնակցել է մարտական գործողություններին: