Օլիմպիադայի արծաթե մեդալակիրը` Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ
Հայաստանի լավագույն մարզիկներից մեկը` ազատ ոճի ըմբիշ, 44-ամյա Արմեն Մկրտչյանը, ով 1996 թ. Ատլանտայի Օլիմպիական խաղերում Հայաստանի համար առաջին արծաթե մեդալը նվաճած ըմբիշն է, նշանակվել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մկրտչյանը 1995 թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է, 1994 թ. Եվրոպայի չեմպիոն (48 կգ), 2001 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (54 կգ): Արմեն Մկրտչյանը գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի Արայիկ Բաղդադյանին:
Մկրտչյանը 2002 թ. ընտանիքով տեղափոխվել է Գերմանիա, որտեղ նախ հաջող մրցելույթներ է ունեցել RWG Mömbris-Königshofen ակումբի կազմում, ապա սկսել է մարզչական գործունեությամբ զբաղվել իր բնակված Աախեն քաղաքում: Մարզչական աշխատանք է կատարել նաև Բելգիայում, ու այդ ընթացքում զգալի փորձ և հմտություն է ձեռք բերել, որոնք Հայաստանի ազգային հավաքականի համար շատ օգտակար կլինեն:
Փորձառու մասնագետին ծանոթացրել են Հայաստանում ըմբիշների մարզումների համար ստեղծված ենթակառուցվածքներին և պայմաններին ու նաև ներկայացրել Երևանի Դավթաշեն թաղամասում գտնվող Օլիմպիական ավանի հնարավորություններին: Արմեն Մկրտչյանը գտնում է, որ նման բացառիկ մարզումային պայմանները մարզական առաջընթացի լուրջ խթան են, ու իրենց պարտավորեցնում է ջանք չխնայել` ավելի վեր բարձացնելու հայկական սպորտի պատիվը համաշխարհային մրցասպարեզներում: