Արոնյանը միավորը կիսեց աշխարհի չեմպիոնի հետ
Նիդերլանդներում շարունակվող շախմատի «Տատա Սթիլ» մրցաշարում տեղի են ունեցել 6-րդ տուրի պարտիաները: Այս տուրում Արոնյանի մրցակիցն էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Հավասար ընթացք ունեցած պարտիայի 30-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, 6-րդ տուրում հաղթանակներ տոնեցին Վեյ Յին ու Անիշ Գիրին: Մրցաշարի առաջատար Ուեսլի Սոն ոչ-ոքի խաղաց Բաշկարան Ադհիբանի հետ, իսկ երկրորդ հորիզոնականում ընթացող Պավել Էլյանովը խաղաղությամբ ավարտեց իր պարտիան Սերգեյ Կարյակինի հետ: Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նաև Հարիկրիշնա- Վոյտաշեկ և Վան Վելի-Անդրեյկին պարտիաներում:
6-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ուեսլի Սոն, ով վաստակել է 4.5 միավոր: 2-3-րդ հորիզոնականներում ընթացող Մագնուս Կարլսենն ու Պավել Էլյանովը առաջատարից հետ են մնում կես միավորով, իսկ Լևոն Արոնյանը, Անիշ Գիրին ու Վեյ Յին վաստակել են 3.5-ական միավոր և կիսում են 4-6-րդ հորիզոնականները: 7-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է Սերգեյ Կարյակինը: