Հովհաննես Գաբուզյանը՝ Հայաստանի շախմատի տղամարդկանց չեմպիոն
Ավարտվեց 2017 թ. Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունը: Գերլարված ընթացք ունեցած մրցաշարի վերջին տուրից առաջ 5 շախմատիստ՝ Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Հովհաննես Գաբուզյանն ու Հայկ Մարտիրոսյանը վաստակել էին 4.5-ական միավոր և գլխավորում էին մրցաշարային աղյուսակը:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, վերջին տուրում առաջատարներից երկուսը՝ Հովհաննես Գաբուզյանն ու Հայաստանի 2016 թ. չեմպիոն Զավեն Անդրիասյանը, մրցում էին միմյանց դեմ: Հենց այս պարտիայում էլ որոշվեց չեմպիոնի անունը: Հովհաննես Գաբուզյանը, ով մրցաշարի մեկնարկային 5 տուրերում վաստակել էր միայն 1.5 միավոր, վերջին տուրում տոնեց 4-րդ անընդմեջ հաղթանակ և հռչակվեց Հայաստանի 2017 թ. չեմպիոն` ընդգրկվելով Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում:
Վերջին տուրում առաջատարներից Արման Փաշիկյանը պարտվեց Սամվել Տեր-Սահակյանին, իսկ Տիգրան Լ. Պետրոսյանն ու Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքիով ավարտեցին իրենց պարտիաները: Հաշտություն կնքվեց նաև Կարեն Գրիգորյան-Ռոբերտ Հովհաննիսյան պարտիայում:
Այսպիսով` Հովհաննես Գաբուզյանը, 9 հնարավորից վաստակելով 5.5 միավոր, դարձավ Հայաստանի չեմպիոն, 5 միավոր վաստակած Տիգրան Լ. Պետրոսյանը գրավեց 2-րդ հորիզոնականը, նույնքան միավոր վաստակած Հայկ Մարտիրոսյանը եզրափակեց լավագույն եռյակը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան