«Լուսավոր Հայաստան»-ի անդամը ամբիոնին մոտեցավ երկաթե շերեփով
Այսօր կառավարության նիստերի դահլիճում ընթացող ԵԼՔ դաշինքի համաժողովին «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Հայկ Կոնջորյանը ամբիոնին ելույթի համար մոտեցավ երկաթե շերեփը ձեռքին:
Նա հիշեց Ամենայն Հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի հայտնի խոսքերը Բեռլին կատարած այցից հետո. «Բեռլինում բաժանվում էր հարիսա: Դուք ինձ ուղարկել էիք, որ բերեմ մեր բաժինը: Բոլորը եկան և իրենց երկաթե շերեփներով վերցրին տարան իրենց բաժինը: Բայց երբ ես փորձեցի վերցնել մեր բաժինը, իմ շերեփը թղթից էր ու լխճվեց մնաց հարիսայի մեջ, ու ես վերադարձա ձեռնունայն: Այդ խոսքերից հետո անցել է 139 տարի, սակայն հայկական շերեփը ցավոք սրտի, դեռ երկաթից չէ»:
Նրա խոսքով, երկաթե շերեփը ոչ թե հզոր բանակն է, հզոր տնտեսությունը կամ կառավարման համակարգը, այլ ուժեղ պետությունը:
«Այս պետությունը գործիք է և ինչպես ցանկացած գործիք, եթե ճիշտ է օգտագործվում, դառնում է օգտակար, եթե սխալ, դառնում է աղետաբեր՝ հայտնվելով վտանգավոր արկածախնդիրների ձեռքում: Երբ մեր ատամը ցավում է, գնում ենք ատամնաբույժի մոտ, այլ ոչ թե դերձակի, երբ մեր կատուն հիվանդանում է, չենք տանում նրան փականագործի մոտ, որովհետև մեզ համար թանկ է մեր առողջությունը, մեր կատուն: Բայց եթե մեր առողջությունը չենք վստահում դերձակին, մեր կատվին՝ փականագործին, ապա ինչո՞ւ ենք մեր պետությունը վստահում այնպիսի մարդկանց, ովքեր պետական կառավարման հետ ունեն նույնքան առնչություն, որքան անասնաբույժը համակարգիչների հետ», -հայտարարեց Կոնջորյանը:
Հայաստանի հետագա զարգացումը, ըստ երիտասարդ կուսակցականի, կախված է՝ ո՞ւմ ենք վստահում մեր պետությունը հարցի պատասխանից:
«Առաջիկա տասնամյակներում Հայաստանը կարող է ունենալ երկու հիմնական ճանապարհ, որով կարող է զարգանալ: Ճանապարհ 1-ին՝ մենք նորից մեր պետական կառավարումը կվստահենք մարդկային այն տեսակին, որը տարբեր կերպարանքներով տասնամյակներ շարունակ հարստահարել է Հայաստանը, արդյունքում մեր տնտեսությունը կթուլանա, արտագաղթը կահագնանա: Ճանապարհ 2-րդ՝ մենք վերջապես կկարողանանք առողջացնել Հայաստանի քաղաքական համակարգը ու կիրականացնենք որակյալ ու առողջ սերնդափոխություն, կստեղծենք այնպիսի միջավայր, որ մարդկային տաղանդը ու աշխատասիրությունը ավելի ծանր կշիռ կունենան, քան զոռբայությունն ու մարտնչող տգիտությունը:
Մենք կստեղծենք այնպիսի պետություն, որը ոչ թե կդառնա բեռ մարդու ուսերին, այլ կդառնա հնարավորություն ապահով ու ազատ դառնալու համար: Մենք առաջարկում ենք ելք դեպի այս երկրորդ ճանապարհը», -հայտարարեց Կոնջորյանը:
Նա ասաց, որ պետք է հզորացնել երկաթե շերեփը, որի անունն է Հայաստանի Հանրապետություն ու շարունակեց. «Պետք է հզորացնենք այն երկաթե շերեփը, որի միջոցով մենք աշխարհի մեծ կաթսայից վերցնելու ենք մեր հարիսան, մեր բաժին ազատությունն ու երջանկությունը»:
Հարակից հրապարակումներ`
- Մենք հակված ենք անցնցում, առանց ընդհարումների հասնել փոփոխությունների. Արամ Սարգսյան
- Մորս օրհնությունն ու բարեմաղթանքներն եմ փոխանցում ձեզ. Արամ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան