Յուրաքանչյուր կախվածության հիմքում ընկած է հոգեբանական խնդիր. մասնագետ
«Վերջին ժամանակաշրջանում կախվածությունների թիվը հասարակության մեջ բավականին աճել է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը:
Նա նշեց, որ կախվածությունները լինում են մի քանի հիմանական տեսակների, դրանցից ամենատարածվածները փսիխոակտիվ նյութերից, խաղային, համակարգչային, ինչպես նաև սննդային ու անձնային կախվածություններն են:
«Իրականում յուրաքանչյուր կախվածության հիմքում ընկած է պարտադիր հոգեբանական խնդիր: Դրա համար են հենց դրանք այդքան հեշտ ձևավորվում և հետագայում է դժվար հաղթահարվում կախվածությունները: Կախվածության առաջին ազդանշաններից մեկն այն է, որ մարդու մոտ սկսում են նվազել և մարել առօրյա հետաքրքրությունները, մարդը նպատակներ չի դնում իր առջև: Ազդանշան կարող է լինել սոցաիալական ադապտացիայի նվազումը: Կախվածությունների պատճառներից են հիմանակում չլուծված խնդիրներից ժամանակավոր փախուստը: Ցավոք այս խնդիրն առանց մասնագետի դիմելու հնարավոր չէ լուծել, սակայն կարևոր նախապայման է նաև շրջապատի աջակցությունը»,-ասաց հոգեբանը:
Հանդիպմանը ներկա հոգեբան Լիլիթ Կարարպետյանն, անդրադառնալով մանկական կախվածություններին, նշեց, որ շատ արդիական են համակարգչային խաղերից, համացանցից և մուտֆիլմերից կախվածությունը. «Երեխան դեռևս չձևավորված հոգեկան աշխարհով միանգամից մտնում է իրականությունից դուրս մեկ այլ աշխարհ: Այստեղ հիմնական պատճառը ծնողների ժամանակ չունենալու, նրանացով չզբաղվելու գործոնն է դեր խաղում»:
Լիլիթ Բաղդասարյանը հավելեց, որ իրականում կախվածությունից պետք է ազատվել, ճիշտ և գրագետ, որպեսզի այն չբերի այլ տեսակի կախվածությունների, պետք է հստակեցնել պատճառն, այնուհետև գնահատել այն վտանգները, որոնք կարող են առաջանալ:
Ինչ վերաբերում է հոգեբանին դիմելու հետ կախված մշակույթին, մասնագետն ասաց, որ փոփոխություն է տեղի ունեցել, արդեն ավելի քաջորեն են դիմում մասնագետին, սակայն նրա խոսքով, դիմելիության աճը նաև իր մյուս կողմն ունի՝ շատ են սրվել խնդիրները և ստիպված քայլ է դառնում հոգեբանին դիմելը: