Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 21-ին մասնակցել է պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին` նվիրված 2016թ. արդյունքների ամփոփմանը և 2017թ. անելիքներին:
Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ իր ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է բանակաշինության գործընթացին, նշել ձեռքբերումներն ու առկա խնդիրները՝ 2016 թվականին իրականացված աշխատանքները ընդհանուր առմամբ գնահատելով բավարար:
Նախագահի բնութագրմամբ՝ 2016 թվականը ռազմաքաղաքական առումով եղել է շատ բարդ և մեր ժողովրդի պատմության մեջ է մտել որպես Ապրիլյան քառօրյա պատերազմի տարի:
«Այս պատերազմը ակնհայտորեն վեր հանեց ինչպես մի շարք հիմնարար զարգացումներ ռազմաքաղաքական և բարոյահոգեբանական հարթություններում, այնպես էլ մեր անելիքները և անհրաժեշտ քայլերի իրականացումը նոր մարտահրավերներին արդյունավետորեն դիմակայելու համար»,- ընդգծել է Բակո Սահակյանը:
Նախագահը նշել է, որ ապրիլյան դեպքերը ցույց տվեցին մեր պաշտպանության բանակի բարձր մարտունակությունը, հայրենիքի անկախությունը, ազատությունն ու արժանապատվությունը պաշտպանելու մեր ժողովրդի, ողջ հայության վճռականությունը, օրհասական պահերին միավորվելու ունակությունը և այն, որ Արցախի դեմ ցանկացած ագրեսիա հայության համար դիտարկվում է որպես հայրենական պատերազմ:
Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին ու բանակի բարձրագույն սպայական անձնակազմին` զինված ուժերի առջև ծառացած խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ:
Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան