Ապրիլյան պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանն այսօր կդառնար 21 տարեկան
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսացած Գոռ Կիրակոսյանի ծննդյան օրն է: Գոռը կդառնար 21 տարեկան:
Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողներից 6-ն Արմավիրի մարզից էին: Այդ հերոսների թվում էր նաև արևիկցի Գոռ Կարապետի Կիրակոսյանը` ծնված 1996 թվականի հունվարի 21-ին: Նա միջնակարգ կրթությունը ստացել է հայրենի գյուղի դպրոցում` աչքի ընկնելով ուշիմությամբ և նպատակասլացությամբ: 2014 թվականի հուլիսի 7-ին Գոռը զորակոչվել է հայոց բանակ: Նա իր զինվորական ծառայությունն անցկացրել է ԼՂՀ պաշտպանության բանակում և ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ խրախուսանքների: 2016 թվականի ապրիլի 5-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում հակառակորդի արձակած արկից Գոռը զոհվել է: ԼՂՀ նախագահի կողմից հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով:
2016 թ-ի նոյեմբերի 22-ին Արմավիրի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում բացվել է Գոռ Կիրակոսյանի հիշատակին նվիրված խաչքար:
Գոռն ընտրել էր ավտոէլեկտրիկի մասնագիտությունը, սովորել է Երևանի ֆինանսատնտեսական քոլեջում, մեկ տարի սովորելուց հետո զորակոչվել է բանակ ու պետք է վերադառնար 97 օրից՝ 2016թ-ի հուլիսի 7-ին: Նա զորամասում մեքենաներն էր վերանորոգում, սնունդ էր հասցնում զինծառայող ընկերներին։ Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ սնունդ հասցնելու ճանապարհին զոհվել է։
Գոռի մայրը՝ Գայանե Շահնազարյանը հարցազրույցներից մեկում պատմել է. «Զանգում էի, ասում էր՝ մա՛մ ջան, ամեն ինչը վերջանալու է, երկու բառ խոսելուց հետո սկսում էր երգել, կրակոցի ձայները ես լսում էի, իր երգով ուզում էր ինձ շեղել, որ չզգամ՝ ինչ ա կատարվում: Վերջին զրույցը եղել է իր մահացած օրը: Առավոտյան ժամը 7-ին զանգահարեցի, հարցրեցի ինչ ես անում, ասաց՝ մամ ջան, սուրճ եմ խմում, հետո էրեխեքին հաց եմ տանելու, մի ժամից հետո հետ կգամ ու կզանգեմ: Մի անգամ էլ զանգել եմ ժամը 10-ին, ասաց՝ մա՛մ, շտապում եմ, էրեխեքին հաց եմ տանում: Հարցրեցի՝ Գոռ ջան, հաց կերել ես, ասեց՝ չէ մամ, էրեխեքին հաց տանեմ հետո կգամ կուտեմ: Սպասի մի ժամից կզանգեմ: Սպասեցի մեկ ժամ, երկու ժամ, զանգ չեկավ, հետո անհասանելի էր…»:
Գոռի հարազատներին նրա ծառայակից ընկերները պատմել են, որ քառօրյայի ժամանակ գիշեր-ցերեկ օգնության է հասել դիրքերի տղաներին: «Բայց մեզ ասում էր, որ ամեն ինչ նորմալ է: Գոռը վախ չուներ ու գիտակցաբար էլ գնաց այդ քայլին»,- պատմել են նրա հարազատները:
Նշենք, որ այսօր Արմավիրի մշակույթի տանը տեղի կունենա Գոռ Կիրակոսյանի հիշատակին նվիրված միջոցառում։
Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողներից 6-ն Արմավիրի մարզից էին: Հայրենիքի սահմանների պաշտպանության համար Արցախում հերոսաբար զոհված քաջ տղաներն էին` Արամ Աբրահամյանը, Սաշա Գալստյանը, Գոռ Կիրակոսյանը, Հովսեփ Կիրակոսյանը, Արամայիս Միքայելյանը, Բորիս Օզմանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված 12-ամյա Վաղարշակի հիշատակին հուշակոթող է կանգնեցվել
- Ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանն այսօր կդառնար 24 տարեկան
- Ճարտարապետաշինարարական համալսարանում Ադամ Սահակյանի անունով կտրամադրվի կրթաթոշակ
- Ապրիլյանում զոհված Ազատ Սիմոնյան. «Երդվում եմ մայրիկ՝ մի օր տուն կգամ»
- Ապրիլյան պատերազմում զոհված Հենրիկ Ղահրամանյանն այսօր կդառնար 20 տարեկան
- Արտիմետում նշել են ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Արամ Աբրահամյանի ծննդյան օրը
- Արմավիրում բացվել է ապրիլյան պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանի հիշատակին նվիրված խաչքար
- Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 20 տարեկան
- Տղաները մեծ աշխարհաքաղաքական աղետ են կանխել. ապրիլյան պատերազմի հերոս Ադամ Սահակյանի մայր
- Ադամն իր կյանքի տաղանդավոր գծանկարը գծեց մարտի դաշտում՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը
- «Ադամ Սահակյան, ներկա». Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում ուսումնական տարին մեկնարկեց մեկ րոպե լռությամբ
- Գյումրիում բացվել է Ալեքսան Առաքելյանի հուշակոթողը
- Գյումրիում բացվել է քառօրյա պատերազմի հերոս Մերուժան Ստեփանյանի հիշատակը հավերժացնող ցայտաղբյուր և հուշատախտակ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին