Եկել է փակելու կոռումպացված Հայաստանի էջը. Նիկոլ Փաշինյան
«Հայաստանի ժողովուրդը մեզանով հաղթելու իրական հնարավորություն ունի», -այսօր կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած ԵԼՔ դաշինքի համաժողովում ունեցած ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ չկա ավելի զորեղ ուժ, քան ժողովուրդը և նրա քաղաքական կամքն ու ընտրությունը, իսկ իրենք՝ ԵԼՔ-ը կլինի դրա երաշխավորը:
«Եկել է ժամանակը Հայաստանի քաղաքացիներին ցույց տալու, որ եկել է փակելու կոռումպացված Հայաստանի էջը և բացելու լուսավոր Հայաստանի էջը: Եկել է ժամանակը փակելու խնամի-ծանոթ-բարեկամով Հայաստանի էջը և բացելու քաղաքացիական Հայաստանի էջը, եկել է ժամանակը փակելու խմբապետական Հայաստանի էջը և բացելու Հայաստանի Հանրապետության էջը, որտեղ ամեն ոք իրեն լիարժեք քաղաքացի ու բաժնետեր է զգում իր հայրենիքի», -հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, իրենք ստեղծելու են այնպիսի Հայաստան, որտեղ «վերադառնում են և ոչ թե որտեղից փախնում են»:
Պատգամավորը ներկայացրեց, թե ինչպիսին պետք է լինի իրենց պատկերացրած պետությունը.
«Մեր երազած պետությունը այսպիսին է՝ դա մի պետություն է, որը արթնանում է ոչ թե ժամը 8:30-9-ին, այլ՝ ժամը վեցին, որտեղ իրենց վարորդների նման կոկիկ և մաքուր ավտոբուսներն ու տրոլեյբուսները, մետրոպոլիտենի շարասյուները 100 հազարվոր բանվորների, աշխատողների տանում են իրենց աշխատավայրեր, որտեղ նրանք արտադրանք են ստեղծում և ոչ թե թուրքական արտադրանքների սպառմամբ ու իրացմամբ են զբաղված: Մեր պատկերացրած պետությունը այնպիսի մի երկիր է, որը կարողանում է ունենալ բարձր տեխնոլոգիական ռազմարդյունաբերություն, որը պատրաստ է պաշտպանել ինքն իրեն»:
Փաշինյանն իր ելույթում ակնարկեց նաև Հայ Ազգային կոնգրեսին, որի կարգախոսն այս ընտրություններում հետևյալն էր. «Խաղաղություն, հաշտություն բարիդրացիություն»:
«Ես չեմ հավատում փոխզիջումների մասին այն խոսակցություններին, որոնք հաշվի չեն առնում մի բան՝ Ադրբեջանը 7 մլրդ-ի զենք է առել որ փոխզիջմա՞ն գնա: Իհարկե, ոչ: Մենք պետք է ստեղծենք այնպիսի երկիր, այնպիսի տնտեսություն, որը պատրաստ է պաշտպանել ինքն իրեն», -հայտարարեց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արամ Զավենիչը կառաջադրվի Սյունիքի մարզում
- Հերիք ու բոլ էղավ, էլ տեղ չկա. Էդմոն Մարուքյան
- Մեր երկրում չպետք է լինեն մերժված մարդիկ, չպետք է լինեն օտարներ, խռովածներ. Արտակ Զեյնալյան
- Մենք կորցնելու հայրենիք չունենք, Սասուն Միքայելյան
- Մենք հակված ենք անցնցում, առանց ընդհարումների հասնել փոփոխությունների. Արամ Սարգսյան
- Մորս օրհնությունն ու բարեմաղթանքներն եմ փոխանցում ձեզ. Արամ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան