Ջավախքցի տատիկը տարիներ շարունակ խնամքով պահում է երկու ձեռագիր մատյան և կնիք
Ախալքալաքի շրջանի Բեժանո գյուղում Խուդավերդյանների ընտանիքում խնամքով և հավատքով պահվում են երկու ձեռագիր մատյան և կնիք, որոնք, ըստ ընտանիքի անդամների, հզոր զորություն ունեն: jnews.ge կայքը գրում է, որ Ախալքալաքի շրջանի Բեժանո գյուղի բնակիչների նախնիները եկել են Էրզրումից և Էրզրումի վիլայեթի Թոփալ-Չավուշ, Ջինիս, Երկան Մասուր և այլ գյուղերից 1829 թվականին, ռուս-թուրքական պատերազմի հետևանքով։ Այն ժամանակ Խուդավերդյանների նախնիները դժվարին պայմաններում բերել են իրենց հետ երկու ձեռագիր մատյան և կնիք:
Ձեռագրերն արդեն վաթսուն տարուց ավելի է, ինչ պահում է Նաստյա տատիկը, ով գրքի թվագրության և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկություններ չունի, սակայն մի բան հստակ պնդում է՝ «Սա Ամենափրկիչ սուրբ գիրքն է և հզոր զորություն ունի»։ Գրքերը նրան հասել են սկեսրայրից:
Ձեռագրերը բավականին մաշված են, իսկ կազմի վրայի զարդերը և խաչը գոյություն չունեն:
«Կոմունիստների ժամանակ սկեսրայրս գրքի վրայի քարերը և զարդերը վաճառել է, իսկ գիրքը գցել է թոնիր, բայց նրա եղբայրը չի թողել, որ գիրքը վառվի և փրկել է»,- պատմում է Նաստյա տատիկը։
Գրքերը բավականին վնասված են և թերթերը գրեթե ամբողջությամբ պոկված, անգամ էջերն են խառնված։ Երկու մատյաններում էլ մանրանկարչական տարրերը այդքան էլ հարուստ չեն, իսկ եղածներն էլ բավականաչափ վնասված են:
Վնասվածքների մի մասը խոնավությունից կամ պահպանման համար անհամապատասխան պայմաններից է առաջացել, սակայն մեծ է նաև արհեստական գործոնները, որոնք մնացել են գիրքը վերացնել փորձող անձանց կողմից։ Այնուամենայնիվ մի բան հստակ է՝ գիրքը գտնվում է քայքայման պրոցեսում, կամ, ինչպես ասում է Նաստյա տատիկը, «ցեցը ընկել է»։
Գրքի գոյության մասին տարածաշրջանում գիտեն բավականին շատ մարդիկ և հաճախ գալիս, մոմ են վառում և աղոթում՝ այն հավատքով, որ «Ամենափրկիչը» ի զորու է կատարել իրենց խնդրանքը։
«Շատ մարդիկ են գալիս աղոթելու, ամենքը մի դարդ ունեն և գիտեն, որ մեր Ամենափրկիչ գիրքը սրբի զորությամբ կօգնի իրենց»,- ասում է Նաստյա տատիկը:
Նա գրքի հետագա ճակատագիրը նույնպես տեսնում է իրենց տանը, քանի որ ջավախքցիներն համարում են, որ ձեռագիրը տնից հեռացնել չի կարելի, ընտանիքին դժբախտություն կբերի։
«Հինգ տղա թոռ ունեմ, նրանցից մեկին կտամ, կպահեն»,- նշում է նա։
Նաստյա տատը ձեռագրերը պահում է հատուկ պահարանում, որի դիմաց կա մեծ սկուտեղ՝ նախատեսված մոմեր վառելու համար։
«Գրքին պետք է լավ նայել, այն շատ է տանջվել մարդկանց պատճառով և մարդկանց համար։ Երբ գիրքը արդեն ինձ մոտ էր, երազ տեսա, և երազումս Տեր Աստվածն ինձ ասաց՝ «Ես շատ եմ տանջվել, ինձ լավ պահիր», այդ երազից հետո վստահ եմ, որ Ամենափրկիչ սուրբ գիրքն եմ իմ տանը պահում», – գրքի մասին պատմում է Նաստյա տատիկը։
Նա ձեռագրերից բացի խնամքով պահում է, ինչպես ինքն է պնդում, սուրբ զորությունով օժտված կնիքը։ Այդ կնիքով նա կնքում է մարդկանց մարմինների վրա, տաքացնելով այն կրակի վրա, ինչը նրա խոսքով, առողջություն է խորհրդանշում։
Կնիքի վերաբերյալ և վերջինիս ու ձեռագրերի կապի մասին պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանն ասել է. «Նախկինում հայտնի մարդիկ (քահանաները կամ տանտերերը) կնիք են ունեցել իրենց անուններով, և ստորագրության փոխարեն կնիք են դրել։ Եթե դուք այս կնիքը օգտագործեք և մի թուղթ կնքեք, դրա վրայի գրածը կպատմի իր մասին։ Ավետարանի հետ չգիտեմ ինչ կապ ունի, գուցե գրքի տիրոջն է պատկանել։ Դրանով մարդկանց կնքելը սնահավատություն է, իսկ վրայի գրությունը կարդալու համար այն պետք է թաթախել թանաքի մեջ և թղթի վրա կնքել, որից հետո հնարավոր է այն ընթերցել, համենայնդեպս այն կարող է դրա տիրոջ անունը լինել»:
Նաստյա տատի տղան՝ Աշոտ Խուդավերտյանը տեղեկացրել է, որ հատուկ մասնագետներ, ովքեր վերջերս Ծուղրութի ավետարանի վերանորոգման աշխատանքներ են իրականացրել, հետաքրքրված են գրքի ապագայով և որոշել են համապատասխան ֆինանսների հայթայթման դեպքում այն մշակել՝ դուրս չհանելով Խուդավերդյանների տնից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու